կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 14:03
Քաղաքական

Իշխանությունները թեև համաձայն են տեսախցիկների տեղադրմանը, սակայն այն համարում են անկարևոր

Իշխանությունները թեև համաձայն են տեսախցիկների տեղադրմանը, սակայն այն համարում են անկարևոր

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում փակ քննարկում էր հրավիրվել ԸՕ նախագծի վերաբերյալ:

Նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե իշխանությունները ընդդիմության բարձրացրած հինգ գլխավոր պահանջներից որի՞ հետ կարող են անվերապահ համաձայնել, ասաց, որ յուրաքանչյուր պահանջ որևէ նպատակ պետք է հետապնդի, և եթե այդ նպատակին հնարավոր է հասնել ավելի կարճ ու արդյունավետ ճանապարհով, ուրեմն ինչո՞ւ չօգտվել նման ճանապարհից:

«Որոշ լուծումներ որ առաջարկվում են, իրականում չեն կարող համարվել լավագույնը, օրինակ՝ մատների թանաքոտման պահանջը, հավատացեք, լավագույն լուծումը չէ: Ես բազմիցս ներկայացրել եմ այդ մեթոդի թերությունները, և որ այդ մեթոդը չի կարող նպաստել անվստահության նվազեցմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախապայմաններ իշխանությունները չեն ընդունելու, բայց պատրաստ են արդյունավետ քննարկումներ ծավալել:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելուն, Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեև իշխանությունները համաձայնել են տեսախցիկների տեղադրման պահանջին, սակայն ինքը կարծում է, որ տեսախցիկների տեղադրումը խնդիր չի լուծում, որ դա անիմաստ զբաղմունք է ու գումարի վատնում:

«Եթե գումար լիներ, մենք կգտնեինք ավելի արդյունավետ եղանակներ` հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ բարձրացնելու համար: Տեսախցիկների տեղադրումը, ըստ իս, ամենակարևոր լուծումը չէ, բայց եթե գտնվի դոնոր կազմակերպություն, որը գումար կտրամադրի, ապա խնդրեմ: Պարոն Զուրաբյանը, կարծես, այդ պարտականությունն իր վրա է վերցրել, կարծես նաև գտել է նման դոնոր կազմակերպություն»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ցուցակներ մաքրելուն, Դավիթ Հարությունյանը նշեց, որ որքան էլ Հայաստանից բացակայողներ լինեն, բայց այդ բացակայողները չեն կարող իրենց փաստաթղթերը Հայաստանում թողնել, և քվեարկության համար անհրաժեշտ է փաստաթուղթ ներկայացնել: Կա փաստաթղթերի բազա, և երբ մարդը, օրինակ, օդանավակայանում ցույց է տալիս իր փաստաթուղթը, նրան որևէ մեկի հետ չեն շփոթում: Հետևաբար, նույնը կարող է տեղի ունենալ քվեարկության ժամանակ. մարդու փաստաթղթին կարող են ծանոթանալ վստահված անձինք, դիտորդները կարող են հետևել, հանձնաժողովը կարող է ստուգել:

Լրագրողները հետաքրքրվեցին` բա՞ց, թե՞ փակ հանդիպում կլինի այսօր երեկոյան` 4+4+4 ձևաչափով: Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե խնդիր է դրված իրականացնել աշխատանքային արդյունավետ քննարկում, ուրեմն այն պետք է փակ լինի:

«Հայտնի է, որ եթե աշխատում են տեսախցիկները, ապա յուրաքանչյուրի հռետորաբանությունը կտրուկ փոխվում է: Եթե մեր գործընկերների նպատակը շոու կազմակերպելը չէ, ուրեմն պետք է պահանջեն, որ այն փակ լինի: Շոուն արդյունք չի տալիս, աշխատանքն է արդյունք տալիս»,- ասաց Դավիթ Հարությունյանը: