կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 17:50
Հասարակություն

Կարո Փայլանը՝ թուրքական իշխանություններին․ ինչո՞ւ չեք վերադարձնում Մալաթիայի եկեղեցու սեփականության վկայականը

Կարո Փայլանը՝ թուրքական իշխանություններին․ ինչո՞ւ չեք վերադարձնում Մալաթիայի եկեղեցու սեփականության վկայականը

Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում, 100-ամյա դադարից հետո, օգոստոսի 29-ին առաջին պատարագն էր մատուցվել, որին մասնակցել էր նաև ԿՊոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Եկեղեցին, սակայն, վերաբացվել է որպես մշակույթի կենտրոն, որտեղ, այնուամենայնիվ, հայկական համայնքը կկարողանա մկրտության, պսակադրության արարողություններ իրականացնել։ Բայց և այնպես թուրքական իշխանությունները եկեղեցու ցուցապաստառի վրա նշել են միայն մշակույթի կենտրոն լինելու հանգամանքը։ Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խնդրի վերաբերյալ հարցում է ներկայացրել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ Փայլանի հարցման մեջ մասնավորապես նշված է․

«Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերականգնելով՝ այն բացեցիք որպես «մշակույթի կենտրոն»։ Այս պատմական եկեղեցու վրա ցուցապաստառ տեղադրեցիք, որում գրված է․ «Թաշխորանի մշակույթի և արվեստի կենտրոն»։

Այն փաստը, որ սույն եկեղեցին, որտեղ մինչև 1915 թ․ իրենց կրոնական արարողությունները կատարել են նաև իմ ընտանիքի մեծերը, չի բացվել որպես եկեղեցի, անհանգստություն է հարուցել հայկական համայնքում։

Այդ կապակցությամբ, պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցերիս․

1․ Ինչո՞ւ չկարողացաք եկեղեցի կոչել Մալաթիայում իմ եկեղեցին։

2․Ինչո՞ւ եկեղեցու կարգավիճակում չվերականգնեցիք Մալաթիայում իմ եկեղեցին։

3․ Ինչո՞ւ հայկական համայնքին չվերադարձրեցիք եկեղեցու սեփականության վկայականը։

4․ Ի՞նչ տեսակի մշակութային միջոցառումներ եք ծրագրում իմ եկեղեցում։

5․ Առանց խաչի եկեղեցի չի լինում։ Ինչո՞ւ եկեղեցու գմբեթին չտեղադրեցիք խաչը։

6․ Հայ քաղաքացիները սեփական եկեղեցում պատարագ և այլ արարողություններ անելու համար ձեզնի՞ց պետք է թույլտվություն ստանան»։

Հիշեցնենք, որ Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու որոշ հատվածների վերանորոգումը ստանձնել էր Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել էր սրբավայրի խորանները և մկրտարանը։

http://www.agos.com.tr/tr/yazi/26123/paylan-malatya-kilisesi-nin-mulkiyetini-neden-iade-etmediniz

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net