Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական նախարարության զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ներկայացրեց զբաղվածության ապահովման այն ծրագրերը, որոնք մեկնարկել են Հայաստանի մարզերում: Ծրագրերից մեկը «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում»-ն է: Ծրագիրը փորձարկվում է առաջին անգամ, և նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանումն է: Նախատեսվում է իրականացնել 50 ծրագիր՝ 50 միլիոն դրամի սահմաններում:
Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված անմրցունակ անձինք: Մեկ ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1 միլիոն դրամ է:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ուղղությունները՝ անասնապահական աշխատանքների կատարման համար նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, ներառյալ` եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում նպատակային սոցիալական վճարը:
Ծրագիրը ներառում է նաև անմրցունակ անձի կողմից կենդանիների և ականջապիտակների ձեռք բերման համար միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 350 հազար դրամ, նաև՝ անասնակերի ձեռք բերման համար միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը՝ 230 հազար դրամ:
Եվ վերջապես՝ ծրագիրը ներառում է անասնաբույժի ծառայություն՝ յուրաքանչյուր ծրագրի մասով աշխատանքների իրականացման համար նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, ներառյալ` եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում նպատակային սոցիալական վճարը:
«Այսինքն` շահառուն մեկ տարի անասունները պահելու դիմաց վարձատրվելու է ամսական նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նա պետք է պահի կամ առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ` առնվազն 2 հղի խոզամայր, կամ` առնվազն 7 հղի մաքի կամ առնվազն 150 վառեկ: Անասունները մորթելու համար չեն, այլ՝ վերարտադրության, այսինքն` հավը պետք է ձու ածի, անասունները պետք է ծնեն: Որտեղ եղավ դանակ, նշանակում է ծրագիրն արդեն չկա»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Նրա խոսքով՝ մեկ տարի հետո շահառուն պետք է արդեն իր միջոցներով շարունակի պահել այդ անասունները, մինչ այդ, փաստորեն, ծրագիրը աջակցում է շահառուին, որպեսզի կարողանա պայմաններ ստեղծել , փող աշխատել, անասնակեր գնել և հետո իր միջոցներով շարունակել անասուն պահել: Ըստ Արտակ Մանգասարյանի` մեկ տարի շարունակ մոնիտորինգ է արվում, ստուգվում, որ պիտակավորված ականջակալները դրված լինեն, և եթե մոնիտորինգը պարզում է, որ մինչև մեկ տարին շեղումներ կան ծրագրում, այսինքն` եթե անասուններից մեկը չի լինում, ապա կատարվում է հետգանձում: Շահառուի՝ արդեն ունեցած անասունները չեն կարող ընդգրկվել ծրագրում, այսինքն` ծրագրին մասնակցելու համար շահառուն պետք է ի սկզբանե չունենա անասուն: