կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 13:02
Իրավական

Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորվածը հայտնել է բռնությունների մասին

Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորվածը հայտնել է բռնությունների մասին

Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանավորված Արթուր Գևորգյանը հայտարարել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

«Քրեական գործով մեղադրյալը ցուցմունք է տվել իր նկատմամբ կիրառված բռնության մասին ևս, և այդ ուղղությամբ քննություն է տարվել: Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները բազմակողմանի և օբյեկտիվ քննության ուղղությամբ և քրեական գործն ուղարկվել է մարզի դատախազին՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ armlur.am-ը հայտնել էր, որ մարտի 8-ին Գորիսի «Դիանա» ռեստորանային համալիրի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին անմիջական մասնակցություն են ունեցել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: Համաձայն հրապարակման և ներկայացված տեսանյութի՝ Արթուր Գևորգյանին ծեծի է ենթարկել Գորիսի ոստիկանապետը, սակայն քրեական գործ է հարուցվել ոչ թե ոստիկանապետի, այլ հենց Արթուր Գևորգյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: