կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 11:54
Իրավական

Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի փաստով ծառայողական քննություն է ընթանում

Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի փաստով ծառայողական քննություն է ընթանում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ` դեռևս օրեր առաջ ծառայողական քննություն է սկսվել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուց հետո վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել է ծեծկռտուքը: Ըստ թերթի աղբյուների՝ ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում քրեական գործ է հարուցվել: