կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 15:01
Քաղաքական

ԱԺ-ն քննարկում է պատգամավորներին կարգազանց ճանաչելու հարցը

ԱԺ-ն քննարկում է պատգամավորներին կարգազանց ճանաչելու հարցը

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու հարցը. առաջարկվում է կարգազանց համարել այն պատգամավորներին, ովքեր քվեարկում են միմյանց փոխարեն, և կարգազանց համարվելու դեպքում կիրառել, այսպես կոչված, «պատժամիջոցներ»:

Օրինագիծը ներկայացնում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն օրինագիծը ընդունելի համարեց` ասելով, որ, իսկապես, շատ հաճախ իրենց տղամարդ գործընկերներն անընդունելի ռեպլիկներ են հնչեցնում, որոնք խախտում են էթիկայի սահմանը, հաճախ եթերով ցուցադրվում են նիստերի դահլիճի դատարկ աթոռները, ինչը նույնպես ցավալի է:

Ըստ նրա` կան պատգամավորներ, ովքեր գրանցվում են ու մի քանի րոպե անց հեռանում. նրանք էլ են համարվում աշխատանքի եկած պատգամավորներ, և 12-ից մինչև 6-ը նիստերի դահլիճում նստած պատգամավորներն էլ են համարվում աշխատանքի եկած պատգամավորներ: «Ցավ եմ ապրում, որ կան պատգամավորներ, որոնք առավոտյան գալիս, գրանցվում են տասը րոպեով ու հեռանում, բայց ստանում են ներկա ու համարվում աշխատող պատգամավոր, ու պետությունը վճարում է այդ պատգամավորին»,- ասաց Բիշարյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատգամավորները պետք է բարեկիրթ լինեն, և կոչ արեց բոլորին, որ աշխատեն բարեկրթության պայմաններում, փորձեն զերծ մնալ անձերի դեմ պայքարից, փորձեն լսել մեկը մյուսին, չբղավեն, եթե իշխանության ներկայացուցիչը իրենց հետ համամիտ չէ: Նրա խոսքով՝ պետք է քննարկել պատգամավորի հարգելի բացակայության դեպքում նրա փոխարեն քվեարկելու հարցը ևս: