կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 13:21
Հասարակություն

Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ՀԾԿՀ-ն ոչինչ չի անում

Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ՀԾԿՀ-ն ոչինչ չի անում

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՀԾԿՀ 2016թ. գործունեության ծրագիրը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ուսումնասիրել է այդ ծրագիրը, սակայն այն, ինչ գրված է, չի արտացոլում ՀԾԿՀ գործողությունները: Պատգամավորի խոսքով՝ զեկույցում նշված է, թե ՀԾԿՀ-ն ԶԼՄ-ների հետ ավելի լավ ու թափանցիկ է աշխատելու, որ ԵՏՄ անդամակցության հետ կապված ինչ-ինչ գործողություններ են իրականացնելու, սակայն արտացոլված չեն ո\'չ գործողությունները, ո\'չ էլ ԶԼՄ-ների հետ թափանցիկ աշխատելու հաշվետվություններ: Պատգամավորը օրինակ բերեց գազային աղմկահարույց պայմանագրերը, երբ ստեղծվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ ուսումնասիրելու ոլորտի խնդիրները:

«Կա ընդունված կարծիք, որ եթե ուզում եք ինչ-որ հարց փակելք, դադարեցնել, ապա ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով: Այնինչ` այդ հանձնաժողովը եզրակացություն է ունեցել` շատ լուրջ ուսումնասիրություններ անելով, բայց ՀԾԿՀ-ն ոչ մի քայլ չի արել` այդ եզրակացության հետ կապված: Դուրս է գալիս, որ հարկատուների հաշվին ստեղծել ենք հանձնաժողով, որը ուսումնասիրություններ է արել, կարևոր խնդիրներ վեր հանել, հարցեր, որոնք կապվում են գազի գնի, ոլորտի մոնոպոլիայի և այլ կարևոր հարցերի հետ, բայց ՀԾԿՀ-ն ոչինչ չի անում »,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է մյուս կարևոր ոլորտին՝ էլեկտրամատակարարմանը, նույնպես, ըստ պատգամավորի, ՀԾԿՀ-ն ոչ մի քայլ չի անում, մինչդեռ էլեկտրաէներգիայի հաշվիչների հետ կապված մեքենայություններ են արվում, սխալ ցուցմունքներ գրում, և ՀԾԿՀ-ն պարտավոր է գոնե ամիսը մեկ ստուգել այդ հաշվիչների ցուցմունքների իսկությունը:

«Այդքան բողոքներ կան` հաշվիչների հետ կապված, բայց ինձ հայտնի չէ դեպք, որ ՀԾԿՀ-ն որևէ վարույթ հարուցած լինի: Ի՞նչ գործ է անում ՀԾԿՀ-ն, ինչո՞ւ ոչ մի այլ չի անում, կարող էր որևէ քայլ ձեռնարկել` տուգանք, լիցենզիայից զրկում, բայց ոչինչ չի անում: Ինչի՞ն եք սպասում, դուք ՍԴ-ն չեք, որ սպասեք դիմումի, նոր սկսեք գործել: Սպառողները ակնկալում են, որ իրենց շահերը կպաշտպանեք»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը առանձնացրեց ազգաբնակչությունից գազի սպասարկման վարձ գանձելու երևույթը, որի մոնոլոպիան տրվել է ինչ-որ մի ընկերության:

«Գազի սպասարկման համար ստեղծված կազմակերպությունը ապօրինի ստեղծված մոնոպոլ ընկերություն է, որը խնդիր է դրել միլիարդների եկամուտ ունենալ, ու դա պարտադրվել է մարդկանց, մինչդեռ դա պետք է դրված լիներ գազամատակարարողի վրա: Մարդիկ ասում են` եկավ էդ մարդը, երկու բան ստորագրեցինք, մի երկու բան նայեց ու գնաց: Այդպես որ լինի, կարող են մի օր էլ մի, ասենք, «Էյ Ջի Փի Փի Սի» անունով ընկերություն ստեղծել, հանձնարարել, որ մտնեն մարդկանց տները, ստորագրել տան, փող վերցնեն ու գնան, և չստորագրելու դեպքում` պայմանագրերը խզվեն: Պետք է դադարեցվի այս վիճակը ու վերջ տրվի այս ամենին»,- եզրափակեց պատգամավորը: