Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ խորհրդարանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկան հայտարարությամբ:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական խնդիրները և այլ հարցեր:
«Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանի համար, ՀԱՊԿ-ի համար ահաբեկչությունը, ֆաշիզմը, քսենոֆոբիան իրենց բոլոր արտահայտման մեջ իրական սպառնալիք են: Ես ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ հայկական պատվիրակությունը նույնպես գտնում է, որ պետք է պայքարել ահաբեկչության դրսևորման բոլոր ձևերի դեմ: Մենք հանցագործություն ենք համարում թուրքական կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը: Նույնպես հանցագործություն ենք համարում ադրբեջանական կողմից հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը»,- ասաց նա:
Շարմազանովը հավելեց, որ ՀԱՊԿ երկրների պատվիրակությունները պետք է կոնսոլիդացված հանդես գան խորհրդարանական բոլոր հարթակներում, որովհետև ՀԱՊԿ երկրները դաշնակիցներ են:
Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմա-քաղաքական խնդիրներին, նա նշեց, որ Հայաստանը որդեգրել է ԼՂ կարգավորման` բացառապես խաղաղ տարբերակը: «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ներառում է համատեղ ընդունված երեք սկզբունքները, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Եվ ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ կոնֆլիկտը լուծել ուժի կիրառման միջոցով, անընդունելի են»,- ասաց Շարմազանովը: