կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 20:31
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը բարձրաձայնեց Հյուսիսային Օսիայում և Կաբարդինո-Բալկարիայում հայ վարորդներից դրամաշորթության մասին

 Արծվիկ Մինասյանը բարձրաձայնեց Հյուսիսային Օսիայում և Կաբարդինո-Բալկարիայում հայ վարորդներից դրամաշորթության մասին
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը: Պատգամավորի խոսքով, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Հայաստանից Ռուսաստան գնալիս հանդիպում են բազմաթիվ խնդիրների, հատկապես Հյուսիսային Կովկասում՝ թե բեռնատար, թե մարդատար փոխադրումներ իրականացնելիս: Ռուսական այդ հատվածում կոռոպցիոն երևույթներ են գործում, երբ անհարկի կանգնեցնում են մեքենաները և դրամական պահանջներ դնում վարորդների առջև: Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞ արդյոք այդ տարածքներում ունենալ հայկական ներկայացուցչություն, կամ այնպիսի կապի մեխանիզմներ ստեղծել, որ նման ահազանգերի դեպքում քաղաքացիները նախ կարողանան դիմել այդ ներկայացուցչություն՝ աջակցություն ստանալու համար: Հակառակ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, հիասթափությունն է մեծանում, մեր տնտեսությանն է վնասում:
Հարցին պատասխանեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, որ Լարսում եղած խնդիրները այսօր լուծված են, ու ճանապարհը բաց է, սակայն դժվարանում է պատասխանել այլ երկրի կոռուպցիոն երևույթների հետ կապված հարցին, մանավանդ որ այդ դեպքերը գրանցված չեն, որ դրանք իրավական հետևանքներ ունենան: Նախարարը նշեց, որ ինքը տեղյակ է այդ ահազանգերից, սակայն կոնկրետ փաստեր գրանցված չեն այլ երկրների իրավապահ մարմիններում: Արծվիկ Մինասյանը արձագանքեց՝ ասելով, որ խնդիրը ոչ թե Լարսին է վերաբերում, այլ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա պետություններին, որտեղ ուղղակի դրամաշորթությամբ են զբաղված՝ խիստ խոչընդոտներ առաջացնելով մեր վարորդների համար: Արծվիկ Մինասյանը առաջարկեց բոլոր պատգամավորներին և կառավարությանը, մշակել այնպիսի մեխանիզմ, որը կպաշտպանի մեր քաղաքացիներին դրամաշորթությունից եւ  կզսպի հակաօրինական այդ վաքագիծը: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ բաց է նման առաջարկությունների համար, և պատրաստ են գտնել լուծումներ: