Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի: Մասնավորապես` ստորագրված ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ խոսելիս նա ասաց, որ ընտրական գործընթացի վերահսկողության իրականացնող անձինք իրենց իրավունքների պատշաճ իրականացնման համար պետք է հնարավորություն ունենան այդ փաստաթղթերին ծանոթանալու:
«Անգամ եթե վերահաշվարկի պահանջ չի ներկայացվել, իրավունք կա դիմում ներկայացնելու և ծանոթանալու այդ ցուցակներին, իսկ ծանոթանալ նշանակում է ազատորեն անել քաղվածքներ, սակայն չի ենթադրում լուսանկարել»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այդ ցուցակների պաշտոնապես հրապարակմանը, նա ասաց, որ չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը նշել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերում դա գաղտնիության փաստ է համարվում, և Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը, ըստ որի՝ ստորագրված ցուցակների պաշտոնապես հրապարակելով` խախտվում են անձանց իրավունքները:
Հարությունյանի խոսքով` իրենք որոնում են մեխանիզմներ` ինչպես կանխարգելել կրկնաքվեարկությունը, այլոց փոխարեն քվեարկությունները: «Արհեստական պահանջներ ներկայացնել, պահանջ՝ հանուն պահանջի պետք չէ, պետք է նայել, թե ինչ նպատակով է այդ պահանջը ներկայացվում, և արդյո՞ք պատշաճ գործիքներ դրված են այդ նպատակին հասնելու համար: Խորապես համոզված եմ, որ ցանկացած անձ՝ վստահված, թե` դիտորդ, ունի բոլոր հնարավորություններն այդ ցուցակի մասին պատկերացումներ կազմելու, և եթե համարում է` բողոք կա, ապա դա ներկայացնելու է»,- ասաց նա:
Հարությունյանն ընդգծեց նաև, որ ստորագրված ընտրացուցակները գաղտնիության բարձրագույն դաս չպետք է լինեն, և կուսակցության ներկայացուցիչները հնարավորություն պետք է ունենան ծանոթանալու դրանց, որպեսզի կարողանան բողոքարկել:
«Որոշակի դեպքերում քվերակությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը: Մենք նախընտրում ենք չխախտել այդ դրույթը, սակայն, եթե որևէ մեկն իրականում նպատակ է հետապնդում պարզել մասնակիցների ցանկը, կասկած ունի, տալ նրան պատշաճ գործիք»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև ընտրատեղամասերում լրատվամիջոցների թվի սահմանափակմանը և ընդգծեց, որ դա արվում է նրա համար, որ չառաջանա անկառավարելի իրավիճակ: «Կարող ենք թիվը մեծացնել, իհարկե: Եկեք գանք ընդհանուրի, թե որ թիվն է, որը հնարավորություն չի ընձեռի ընտրական տեղամասում, այսպես ասած, ժխոր սարքելու, հնարավորություն չի ստեղծի, որ ընտրական տեղամասում ավելի շատ լինեն մարդիկ, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերին և ավելի քիչ իրական դիտորդները: Գտնենք մեխանիզմները և գնանք առաջ: Բաց ենք `պատշաճ մեխանիզմներ փնտրելու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ցուցակների մաքրման գործընթացին, ապա Հարությունյանն ասաց, որ էլեկտրոնային գրանցումը հենց այն գործիքն է, որը պետք է մտահոգությունները փարատի:
«Ցուցակը մաքրելն արդյունք չի տալիս, արդյունք է տալիս մեխանիզմ ստեղծելը, որ կկանխարգելի բացակայող անձի փոխարեն կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկությունը»,- ասաց նա և նշեց, որ դրա համար էլեկտրոնային համակարգն է առաջարկվում:
«Ցանկացած հարց քննարկման ենթակա է, սակայն, դա չի նշանակում, որ ցանկացած պահանջ բավարարման ենթակա է»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով նրան, թե ինչու է հանրությունը նախագծին ծանոթանում Վենետիկի հանձնաժողովի կայքից, նա ասաց, որ շատ սեղմ ժամկետ ունեին և դրա համար որոշել են զուգահեռ գործընթացներ իրականացնել: «Մենք առաջին իսկ տարբերակը, որը չէինք համարում քննարկմանը ներկայացնելու պատրաստ, ուղարկել ենք, որ նրանք ծանոթանան` իմանալով շատ հստակ, որ մի քանի օր անց ներկայացնելու ենք հանրության դատին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այդ փուլում չի եղել հանրային քննարկում, Հարությունյանը նշեց, որ մի նյութ պետք է լինի, որ սկսվի, և ներկայումս այս նախագիծը հենց այն նյութն է, որի վերաբերյալ պետք է լինեն հանրային և քաղաքական քննարկումներ: