կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 12:41
Քաղաքական

Թաքուն բան չկա. Հովհաննես Սահակյան

Թաքուն բան չկա. Հովհաննես Սահակյան

Երեկ կառավարության նիստում հաստատված Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է ԱԺ. այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Ըստ նրա` սկսվում է ակտիվ քննարկումների փուլ, որն ունենալու է իր ենթափուլերը. կազմակերպվելու են քննարկումներ քաղաքացիական հասարակության, արտախորհրդարանական, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, կլինեն նաև աշխատանքային քննարկումներ:

«Մենք մեկ շաբաթ կտրամադրենք, որպեզի հնարավոր լինի ծանոթանալ օրենքի նախագծի հետ: Մենք մարտի 18-ին կկազմակերպենք քննարկումներ այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք գրավոր առաջարկներ են ներկայացրել: Մարտի 22-ին լսումներ ևս կկազմակերպվեն, որին մասնակցություն կունենան քաղաքացիական հասարակության լայն զանգվածները: Մենք հնարավորություն կտանք, որպեսզի բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ դեռևս կա երեք ամիս ժամանակ, և առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմի պայմաններում էլ բավականին քննարկումներ նախատեսված են:

Ըստ պատգամավորի` ԸՕ-ն լուրջ բարեփոխումների է ենթարկվել, կան նորամուծություններ, ընտրողների գրանցման, քվեարկության, հաշվարկի ու ամփոփման մասով` նույնպես: Հիմնական անվստահությունը կապվում է գրանցման փուլի հետ, երբ քաղաքացու ընտրելու ժամանակ որոշակի խախտումներ են տեղի ունենում: Դրա համար մտցվում է էլեկտրոնային գրանցման տարբերակը, ինչը, ըստ Սահակյանի, լուրջ առաջընթաց է:

«Ուզում եմ շեշտել` այս ԸՕ նախագիծը դոգմա չէ, վերջնական չէ, այն քննարկման ու փոփոխման ենթակա է»,- ասաց պատգամավորը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ԸՕ նախագիծն ուղարկվեց միանգամից Վենետիկի հանձնաժողովին, ինչը ընդդիմության կողմից մեկնաբանվեց որպես միտումնավոր արված քայլ, և եթե միտում չկա, ինչո՞ւ կառավարությունը թաքցրեց, որ այն ուղարկվել է արդեն Վենետիկի հանձնաժողով, կամ ինչո՞ւ Վենետիկի հանձնաժողով ուղարկելուն զուգընթաց այն չհրապարակվեց հանրության համար, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը բարձր որակավորում ունեցող մասնագետների խումբ է, որը եզրակացություն է տալիս այս կամ այն օրենսգրքին: Հանձնաժողով ուղարկելու տարբերակներ կան` կարող են ուղարկել օրենքի նախագծային փուլում և ավարտական փուլում: Եվ քանի որ ժամանակը սեղմ էր, ուղարկվեց, որ նախնական տեքստի վերաբերյալ եզրակացությունն ունենանք: Ըստ պատգամավորի` շահագրգիռ անձինք կարող էին իրենց հարցումներն ուղարկել Վենետիկ և ստանալ հուզող հարցերի պատասխանները, դրանում արգելք չկար:

«Մենք աշխատանքները հետևյալ կերպ ենք պատկերացրել` կառավարությունն է ներկայացրել ԸՕ նախագիծը, իսկ կառավարությունում ամեն քաղաքական ուժ ներկայացված չէ, ուրեմն կառավարությունը ուղարկեց նախագիծը Վենետիկի հանձնաժողով: Հանրային քննարկումները սկսում ենք ԱԺ-ից, և «թաքուն» ձևակերպումն ավելի շատ քաղաքական դաշտի գունավոր ֆոնն ապահովելու համար է, ոչ թե որևէ լուրջ միտում: Թաքցնելու որևէ բան չկա, ուղարկողները գիտեին, որ Վենետիկի հանձնաժողովն իր պաշտոնական կայքում դնելու է նախագիծը»,- ասաց նա: