Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների գործընթացի դեմ ձևավորված` «Ոչ»-ի ճակատին: Պատգամավորը շատ բնական համարեց, որ ձևավորվել է «Ոչ»-ի ճակատ, այն պարզ պատճառով, որ «Ոչ»-ն էլ գործընթացի մի կողմն է:
««Ոչ»-ի ճակատի ձևավորումը ես նորմալ եմ համարում: Մենք վաղուց հեռու ենք այն մտքից, որ մեր բարեփոխումներ, մեր մտքերը լինեն քարացած, միակողմանի իմպերատիվ կամ վերևից թելադրված, և որևէ մեկը համարձակություն չպետք է ունենա դրանց «ոչ» ասելու:Ե թե առկա է կարևոր գործընթաց, ուրեմն շատ բնական է, որ այդ գործընթացը պետք է ունենա կողմնակիցներ և գաղափարը չկիսողներ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով` «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխության ենթարկելուց հետո, այնտեղ գրվել է, որ «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցները պետք է ունենան հավասար պայմաններ: Եվ եթե «այո»-ի կողմնակիցներին տրվում են պայմաններ` քարոզարշավ իրականացնելու համար, ապա նույն հավասար պայմանները պետք է ունենան «ոչ»-ի կողմնակիցները:
«Մենք կողմնակից ենք, որ մեր բոլոր քայլերն իրականացվեն բացառապես օրենքի շրջանակներում: Վստահ եմ, որ «ոչ»-ի կողմնակիցները, որոնց թվում կան բազմաթիվ խելացի, լավ մարդիկ, նույնպես իրենց բոլոր քայլերը կկազմակերպեն օրենքի շրջանակներում` մեր օրենսդրությամբ սահմանված կարգով: Ասեմ, որ «ոչ»-ի կողմնակիցների իրավունքները ուղիղ ձևով հավասար են «այո»-ի կողմնակիցների իրավունքներին»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե «այո»-ի հիմնավորումնե՞րն են ավելի ուժեղ, թե՞ «ոչ»-ինը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Եթե անկեղծ ասեմ` «Ոչ» նախաձեռնության հիմնավորումներից ես դեռ բան չեմ լսել: Ընդամենը ասվում է, որ սա իշխանության վերարտադրության խնդիրն է, որ մնան իշխանության և այլն: Եթե նրանք նկատի ունեն Հանրապետական կուսակցությունը, ապա ես իմ գիտակցական կյանքում չեմ տեսել որևէ քաղաքական ուժ, որը մտել է քաղաքական պայքարի մեջ և չի ուզում հաղթել, կամ` եթե հաղթել է, չի ուզում հաջորդ ընտրություններում նորից ընտրվել: Առավել ևս` Հանրապետական կուսակցությունը, որն ամենօրյա աշխատանքով ապացուցել է, որ աշխատում են ժողովրդի հետ: Իսկ եթե մտածում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը այլևս չի կարող նախագահի պաշտոնում առաջադրվել և սահմանադրական փոփոխություններից հետո կդառնա վարչապետ, ապա դա շատ արագ հերքվեց: Այնպես որ` մինչև հիմա ես նորմալ բովանդակային հակափաստարկ չեմ լսել: Եղել են, նրանց պատկերացմամբ, ամենասուր շեշտադրումներ, խոսքեր, որոնք այդ քաղաքական գործիչները կարող էին անել յուրաքանչյուր ԱԺ հայտարարության ժամին կամ որևէ մամուլի ակումբում: Հետևաբար, բովանդակյան առումով բովանդակային քննարկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ես չեմ լսել: Մեկ-երկու դեպք էլ եղել է, որ ինձ մոտ տպավորություն է առաջացել, թե այդ դեմ խոսողները չեն կարդացել սահմանադրական փոփոխությունների նախագիծը»: