կարևոր
4741 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 18:18
Քաղաքական

Մեր և իշխանությունների բուն հակադրության պատճառը մեր երկրի և ապագայի նկատմամբ տեսլականն է․ Իշխան Սաղաթելյան

Գլխավոր խնդիրը, որ այսօր կա Հայաստանի արմատական  ազգային ընդդիմության և իշխանության միջև հատևյալն է՝ մեր և օրվա իշխանության հակասության, հակադրության բուն պատճառը, ինչպես իրենք փորձում են ներկայացնել, նախկինների ներկաների կամ սևերի կամ սպիատկների կռիվ կամ հակադրություն չէ ,մեր և սրանց բուն հակադրության պատճառը մեր երկրի և ապագայի նկատմամբ տեսլականն է։ Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ են իրենք առաջարկում մեզ, ասում են, որ պետք է համաձայնվենք և ընդունենք թշնամու պահանջները, որովհետև չունենք այլ տարբերակ, հնարավոր չէ Արցախը պահել հայկական, հնարավոր չէ խոսել Արցախի ինքնորոշման կարգավիճակի մասին, որովհետև կա միջազգային կոնսենսուս նշաձողը իջեցնելու և այլևս փակ է ինքնորոշման հարցը, շատ հստակ գնում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ուղղությամբ։ Հնարավոր չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, մեկ բողոքում են ՀԱՊԿ-ից, մեկ բողոքում են դաշնակիցներից, ու առհասարակ Հայաստանն իր խնդիրներով ու պրոբլեմներով աշխարհում մենակ է, իսկ դրանք լուծելու որևէ ռեսուրս չունի։ Հետևաբար պետք է ընդունենք թշնամու պահանջները, որպեսզի լինի խաղաղություն, այսինքն հանձնենք մեր հայրենիքի մի մասը, որպեսզի փրկենք մյուս մասը, սա է օրվա իշխանության ասածը։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ հնարավոր է  պահել Արցախը հայկական, դրա համար հարկավոր է պայքար, առաջինը պետք է լինի կոնսենսուս, այն գաղափարի շուրջ, որ հնարավոր է, ցույց ենք տալիս հնարավորության ուղիները ու ասում ենք փրկվելու, պետականություն ունենալու միակ ճանապարհը պայքարն է։ Իրենք ի՞նչ են ասում, ասում են պայքարը բերելու է նոր կորուստների»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ շատ խորքային հակասություն գոյություն ունի այս ամենի մեջ․

«Եթե դուք խոսում եք պայքարի մասին, իրենց վերլուծաբանները, սպասարկողները, ամբողջ թիմով, տերերով, շրջապատով ասում են մի բան, ովքեր խոսում են պայքարի մասին, իրենք ժողովրդին տանում են նոր փորձության ու արկածախնդրության, որովհետև մենք չունենք այդ պայքարի ռեսուրսը, չունենք նաև դաշնակիցներ։ Իսկ մենք ասում ենք, որ ձեր առաջարկած ճանապարհը պետականության կորստի, ցեղասպանության ճանապարհ է։ Այս է տարբերությունը ու հակասությունը։ Իրենք ասում են դաշնակիցներ չունենք, մենք ասում ենք՝ ունենք, մեր վերջին հանդիպումները, այցելությունները, միջազգային գործընկերների հետ շփումը, ցույց են տալիս, որ մենք ունենք դաշնակիցներ, պարզապես այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը ամենևին այլ է։ Առաջին գլխավոր խնդիրը, որ ուզեցի ձեզ փոխանցել այն է, որ մեր հակադրության պատճառը նախկինների, հների, նորերի կռիվ չէ, շատ խորքային ու գաղափարական, ազգային ու ապազգային պայքար է։ Պայքար է մարդկանց, ովքեր ուզում են ունենալ պետականություն ու հայրենիք ու պայքար է մարդկանց միջև, ովքեր ասում են առանց դրա էլ հնարավոր է ապրել։ Ու սկսում են խոսել արժեքների մասին, որից իրենք շատ վաղուց հեռացել են , ժողովրդավարություն, որի հետ իրենք բացարձակ կապ չունեն, մարդու իրավունքներ, դատարաններ․ Հայաստանում ոչ մարդու իրավունք կա, ոչ անկախ դատարան կա, ոչ էլ ժողովրդավարություն, Հայաստանում կա Նիկոլի իշխանություն, որը ուզում է հասնի բացարձակ դիկտատուրայի։ Երբ խոսում են ժողովրդի ընտրելու ընտրվելու կարևոր իրավունքի մասին, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարներին պարզապես ձերբակալում են, որովհետև ՔՊ-ից չէ, դրա օրինակները բազմաթիվ են։ Այսօր Վանաձորի քաղաքապետը գտնվում է կալանքի տակ միայն նրա համար, որ ժողովուրդը իրեն է ընտել, այլ ոչ թե ՔՊ-ին։ Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետը մեկ տարուց ավել գտնվում էր կալանքի տակ, որովհետև ՔՊ-ից չէր, բայց մարդիկ ընտրել էին այդ մարդուն ու այդ ամեն ինչը տեղի է ունենում Ձեր աչքի առաջ։ Դատավորների նկատմամբ այն ճնշումները, որ գործադրել է այս իշխանությունը չի կարող խոսել անկախ դատական համակարգից, հետևաբար ժողովրդավարություն և այլ արժեքները, որոնք իրենք շարունակ խոսել են այդ ամենի մասին սուտ է և կեղծ, դա ընդամենը շղարշ է երկիրը այս ուղղությամբ տանելու համար։ Հիմա ակնհայտ է, որ այս իշխանությունը որևէ լուծում ու հեռանկար չունի»,- ասաց նա։