Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվա խորհրդարանական քննարկումների ընթացքում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն իր ելույթում ասաց մի բան, ինչը հատկապես բնութագրում է իրավիճակը` կապված ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության նկատմամբ տարբեր քաղաքական եւ ոչ այնքան քաղաքական ուժերի դրսեւորած վարքագծի հետ: Մելքումյանը, մասնավորաբար, տարակուսանք հայտնեց, թե այդ ինչպե՞ս է լինում, որ իշխանությունը համագործակցելու հրավեր է ուղարկում խորհրդարանում հինգ հոգանոց խմբակցություն ունեցող քաղաքական ուժին, ոչ թե, ասենք, այն խմբակցությանը, որն ունի, ասենք, երեսուն պատգամավոր: Երեսուն պատգամավոր, ինչպես գիտեք, խորհրդարանում ունի միայն ԲՀԿ-ն, այսինքն` Մելքումյանն ուղղակի զարմացած է, գուցե նաեւ` սրտեղած, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն համագործակցելու հրավեր է հղել ՀՅԴ-ին, ոչ թե ԲՀԿ-ին, որը, ըստ նրա ակնարկների, ոչ պակաս էր «այո» ասում սահմանադրական փոփոխություններին, հետեւաբար` ոչ պակաս է պատասխանատվություն կրում նոր Սահմանադրության պարագայում երկրում ստեղծված իրավիճակի համար:
Իրականում դժվար է ասել` չի՞ հասկանում, արդյոք, պարոն Մելքումյանը, թե ինչո՞ւ է հենց այսպես եղել: Եթե չի հասկանում, կամ եթե ԲՀԿ-ում շատերը կան, ովքեր չեն հասկանում, ապա պետք է հիշեցնել, որ, ի տարբերություն ԲՀԿ խմբակցության, ՀՅԴ խմբակցությունը, առավել եւս` կուսակցությունը վերջին տարիներին ոչ ոք չի լքել: Մինչդեռ` մենք գիտենք, թե ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ, քանիսը լքեցին այդ կուսակցությունը, քանիսն են ձեւականորեն մնում համանուն խմբակցությունում` մանդատը վայր չդնելու համար, հետեւաբար, մենք գիտենք, որ իրականում ԲՀԿ-ն ոչ թե, ասենք, երեսուն հոգանոց խմբակցություն է, այլ խմբակցության իմիտացիա: Բայց սա` եթե հարցին անմիջականորեն պատասխանենք:
Իրականում խնդիրն ավելի խորքային է եւ ոչ միայն ԲՀԿ-ի մեջ է: Բանն այն է, որ այսօր շատերն են սրտնեղած ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունից: ՕԵԿ-ն անգամ ԱԺ նիստերի դահլիճում չի երեւում, այնքան սիրտը լցված է: Այլ կերպ, քան քաղաքական աբիժնիկություն, սա անվանել չի կարելի, քանի որ հիշյալ ուժերը նեղված են ոչ թե այն բանից, որ իշխանությունը ՀՅԴ-ին կանչել է համագործակցության, այլ` քանի որ իշխանությունը միայն ՀՅԴ-ին է կանչել` իրենց մոռանալով, անտեսելով, չնկատելով:
Պատկերացրեք, որ ՀՀԿ-ն համագործակցության կոնկրետ առաջարկ էր անում ԲՀԿ-ին, մերժելո՞ւ էին, իհարկե` ոչ: Կամ`եթե որեւէ այլ քաղաքական ուժի առաջարկվեր կիսել իշխանական լծակները եւ պատասխանատվությունը, մերժելո՞ւ էր:
Բայց այս պատմության մեջ մի լավ բան կա` ոչ այնքան քաղաքական, այլ ավելի շատ մարդկային: Բանն այն է, որ աբիժնիկ լինել, նշանակում է` խանդել, իսկ խանդելն առանց սիրելու չի լինում: Հետեւաբար, բոլոր այն ուժերը, որոնք խիստ վիրավորված են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունից, պարզապես ապացուցում են, որ սիրում են ՀՀԿ-ին էլ, ՀՅԴ-ին էլ ու օրվա վերջում, իրենց կուսակցական գրասենյակներում նստած, Տանյա Բուլանովայի տխուր երգեր են լսում` երազելով այն օրվա մասին, թե երբ, ինչպես երեկ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իրենց հերթն էլ կգա` համագործակցելու:
Հովիկ Աֆյան