կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-19 19:37
Առանց Կատեգորիա

Այդ նույն Արփինե Հովհաննիսյանը

Այդ նույն Արփինե Հովհաննիսյանը

Այսօր ԱԺ-ում քննարկվեց, ապա առաջին ընթերցմամբ ընդունվեց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էր, այսինքն հենց նա էր, որ փորձում էր հիմնավորել, թե ինչու պետք է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանվի: Բայց, խնդիրն այն է /եթե սա, իհարկե, խնդիր է/, որ 2014-ի նոյեմբերին, երբ խորհրդարանը քննարկում էր կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի պետք է արտակարգ իրավիճակների նախարարությունն ու տարածքային կառավարման նախարարությունը միանային, օրինագծի հարակից զեկուցողը նույն Արփինե Հովհաննիսյանն էր, ով այդ ժամանակ դեռ արդարադատության նախարար չէր, այլ պատգամավոր: Ըստ պատգամավոր Թեւան Պողոսյանի, սա խնդիր է. իր խոսքում նա նշեց, թե լավ կլիներ, որ կառավարությունը ուրիշ մեկին ուղարկեր խորհրդարան` այս զեկույցի համար, քանի որ տիկին Հովհաննիսյանը նախանցյալ տարի արդեն իսկ հիմնավորել է, որ պետք է նախարարությունները միանան, ու հիմա հակառակն է հիմնավորում, ինչն, ըստ պատգամավորի, ճիշտ չէ:

Գիտեք, քաղաքական առումով գուցե եւ ճիշտ չէ, բայց իրավական տեսանկյունից, զուտ պրոֆեսիոնալ առումով, հենց Արփինե Հովհաննիսյանն էլ այս օրինագիծը պետք է ներկայացներ, քանի որ հենց նա է նախանցյալ տարի հարակից զեկուցել այս պահին քննարկվող օրինագծին հակառակ օրինագիծը: Այսինքն, նախանցյալ տարի նախարարությունների միացման մասին խոսելը եւ այդ որոշումը հիմնավորելը, իսկ այս տարի էլ նախարարությունների բաժանման մասին որոշումը հիմնավորելը նույն Արփինե Հովհաննիսյանի կողմից այդքան էլ քաղաքագիտական տեսանկյունից ընկալելի չէ, բայց սա ցույց է տալիս իր բարձր պրոֆեսիոնալիզմը: Թե ո՞րն է ավելի կարեւոր, մտածելու թեմա է, այդ թվում Թեւան Պողոսյանի եւ Հովհաննիսյանի ելույթից «դիսկոմֆորտի» մեջ հայտնված մնացած՝ ՀԱԿ եւ ԲՀԿ-ական պատգամավորների համար:

Ի վերջո, նախարարը նշում է, որ` այո, ինքն անցյալ տարի ասում էր, որ կառավարման արդյունավետությունից ելնելով` նպատակահարմար է համարվել միացնել այս երկու նախարարությունները, իսկ այս տարի ինքը չի նշում, որ նույն կառավարման արդյունավետությունից ելնելով է պետք բաժանել այս նախարարությունը, այլ՝ քաղաքական պայմանավորվածությունների հիման վրա, ինչն էլ ձեռք է բերվել քաղաքական նոր իրավիճակում, որն էլ առաջացել է սահմանադրական փոփոխություններից հետո, դրա հրամայականով: Արփինե Հովհաննիսյանը չի ասում, թե ինքն անցյալ տարի ճիշտ բան չէր ասում, եւ այս տարի իր իսկ ասածին հակասում է, այլ ընդամենը այս տարի ասում է, որ կա քաղաքական պայմանավորվածություն, համաձայն որի էլ նպատակահարմար է համարվել՝ բաժանել այս նախարարությունները: Նախարարություններն այսօր բաժանվում են, ոչ թե որովհետեւ դրանք միացնելով արդյունավետ կառավարում չի եղել, այլ քանի որ կա նախարարությունները բաժանելու քաղաքական որոշում:

Օրինակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին այս հիմնավորումը դուր չի գալիս, պատգամավորը մասնավորաբար նշեց, թե սա շատ թույլ հիմնավորում է, ինչին արդարադատության նախարարը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ մեր երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում քաղաքական հիմնավորումները համարվում են թույլ հիմնավորումներ»: Ավելի ուշ, տիկին նախարարը ԱԺ-ին պիտի հիշեցնի, որ հենց այս դահլիճում ինքն անձամբ ականատեսն է եղել բազմաթիվ որոշումների, որոնք կայացվել են հենց եւ բացառապես քաղաքական հիմնավորումների կամ պայմանավորվածությունների արդյունքում, այս դահլիճում եւ աշխարհի այն երկրներում, որոնց փորձը մենք դիտարկում ենք որպես մեզ համար ուսանելի: Ճի՞շտ չի ասում Արփինե Հովհաննիսյանը, իհարկե ճիշտ է ասում, խորհրդարանի այդ ո՞ր խմբակցությունն է, որի որոշումների հիմքում հենց քաղաքական հիմնավորումներ չեն եղել, այլ, ասենք, կուսակցության կամ խմբակցության արդյունավետ կառավարումը: Ենթադրենք, Տիգրան Ուրիխանյանը՝ ԲՀԿ-ից, Ռուբեն Հակոբյանը՝ «Ժառանգությունից» դուրս են եկել որովհետեւ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ինչ-որ պահից սկսված սկսել են ոչ արդյունավետ կառավարվե՞լ, թե՞ որովհետեւ այս մարդկանց կարծիքով եւ նրանց համար քաղաքական իրավիճակ է փոխվել: Իհարկե, կարելի է պնդել, որ կուսակցությունը, կամ խմբակցությունը կառավարություն չեն, որտեղ որոշումներ պետք է կայացվեն` ելնելով արդյունավետ կառավարման նպատակահարմարությունից: Բայց ո՞վ ասաց, որ աշխարհի որեւէ երկրի ցանկացած կառավարություն քաղաքական կառույց չէ՝ նախ եւ առաջ, եւ այնտեղ որոշումները՝ չեն հիմնավորվում հենց քաղաքական պայմանավորվածություններով: Իսկ արդարադատության նախարարը, որին, ի դեպ, հարգում են բոլորը. համենայն դեպս, բոլոր հարց տվողները իրենց հարցը սկսեցին՝ «հարգելի\' տիկին նախարար»-ով, իսկ Գուրգեն Արսենյանը անգամ շեշտեց, որ ինքը խորապես հարգում է Արփինե Հովհաննիսյանին, հարգում է եւ համակրում է, քանի որ իրոք հարգանքի արժանի է՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:

«Միայն պրոֆեսիոնալները կարող են մի օր ապացուցել, որ խնձորը կարմիր է, մյուս օրն ապացուցել, որ խնձորը կանաչ է». սա ես չեմ ասում, սա գրել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի նախագահ Լորեն Բելոուզն իր՝ «Կարմիր եւ կանաչ խնձորների մասին» հոդվածում: Նա նաեւ գրել է, որ պրոֆեսիոնալը նա չէ, որ հավատարիմ է իր սկզբունքներին, այլ նա է, ով միշտ առաջնորդվում է իր սկզբունքներով: Իսկ սրանք տարբեր բաներ են… մի քիչ:

Հովիկ Աֆյան