Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամի 30-ը քանդեցին գիշերով: Տարածքում հյուրանոցային համալիր կառուցողը` Ավետիս Կարագուլյանը, անկեղծ խոստովանել էր` վախենում էին, որ ակտիվիստները կխոչընդոտեին իրենց «աշխատանքին»: Երևանցիների կողմից սիրված շենքը քանդելը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:
Այսօր մի խումբ արվեստագետներ համախմբվել են` կոչ անելու դադարեցնել Երևան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք «Քաղաքացիական պահանջագիր» են տարածել, որը հանձնելու են Երևանի քաղաքապետարանին:
«Մենք բարձրաձայնում ենք հազարավոր մտահոգ քաղաքացիների բողոքն ու վրդովմունքը. հանրության շահը պահանջում է պահպանել և վերականգնել մեր ինքնության մաս հանդիսացող մշակութային արժեքները: Մեր հստակ պահանջն է` դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումն ու որդեգրել դրանց պահպանման, խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին արվեստագետներ, որոնք արդեն իսկ միացել են պահանջագրին: Ներկայացնենք նրանց տեսակետները:
Դերասան Միքայել Պողոսյան
Բոլոր այստեղ գտնվողներս սիրո պակաս ունենք: Յուրաքանչյուրս մեր սերը յուրովի ենք դրսևորում, և ես փորձում էի իմ երգերի միջոցով իմ սերն առ Երևան ներկայացնել, բայց պարզվեց` քիչ է, հիմա նաև պետք է խոսել: Երևանը… Երևանը կենդանի օրգանիզմ է, որը կարոտում է, հիասթափվում, սիրում ու նեղանում: Երևանը, ինչպես Ֆորշն է ասում, տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք: Այսօր մեր քաղաքը թիկունքի կարիք ունի, և եթե չկարողանանք հենց այսօր պաշտպանել քաղաքը, մեր` այստեղ մնալն էլ ի՞նչ արժեք ունի: Քաղաքի դիմանկարը հիմա աղավաղված է, և ոչ թե քաղաքաշինությամբ են հիմա զբաղված, այլ շենքաշինությամբ. շենք կառուցելու մոլուցքը Երևանի դիմանկարն են դարձնում: Բոլորս ժամանակավոր ենք, բայց իրավունք չունենք ժամանակի հետ խաղեր տալու: Ամենապատկերավոր ու համով «թիքեն» /Աբովյան փողոցի շենքերը/ են հիմա քանդում, բայց չենք թողնելու: Մենք այս շարժումը հաղթելու ենք:
Լրագրող, վերլուծաբան Մարկ Գրիգորյան
Ցավն այն է, որ մենք հիմա ստիպված ենք բացատրել, թե ինչու է անհրաժեշտ Երևանի պատմությունը պահպանել, պահպանել այդ պատմության նյութական, առարկայական վկաները` շենքերը: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, հպարտանալով հայ ժողովրդի դարավոր պատմությամբ, հիմա քանդում, ոչնչացնում ենք պատմության վկաներին: Քանդելով մեր հին շենքերը` զարմանալի ձևով մեզ զրկում ենք մեր անցյալից ու ապագայից: Պետք է հիշես, որ հնարավորություն ունենաս ապագա կերտելու: Գիտե՞ք` ի՞նչն է տարածքը քաղաք սարքում` հիշողությունը, պատմությունը, մեր անձնական հուշերը, որը կորցնելու իրավունք չունենք: Ասում են` այս շենքը սիրուն չէ, եկեք քանդենք: Սիրունը չափանիշ չէ, գեղեցիկն է չափանիշը:
Դերասան Հրանտ Թոխատյան
Քաղաքը միշտ էլ իր դեմքը փոխել է: Հայրս, օրինակ, Երիտասարդական պալատը չէր սիրում, կողմ էր, որ քանդեին, բայց հիմա դրա պակասը ես շատ եմ զգում: Գուցե հիմա Հյուսիսային պողոտան շատերի անհրաժեշտ մի բան է թվում, բայց ինձ համար կարևոր մի բան է պակասել քաղաքից` ոչ թե աղբակույտով լցված շինությունները, այլ հուշը: Ես կողմ եմ կառուցելուն, բայց շնորհքով կառուցելուն, քաղաքի դեմքին վայել, ինչպես Թամանյանը եկավ ու վայելք տվեց Երևանի դեմքին: Հիմա եկեք այդ դեմքն անիմաստ չշպարենք, շպարը միշտ չէ գեղեցկացնում: Պետք է յուրաքանչյուր շենքին մեր սեփականության զգացողությամբ վերաբերվենք ու քաղաքի մասին խոսելիս չասենք` էս քաղաքը, էն շենքը, ձերը չի, մերն է, իմ քաղաքն ու մեր շենքերը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյան
Մենք առաջարկում ենք տասը տարով դադարեցնել բոլոր տեսակի կառուցապատումները, այսինքն` այն, ինչ ընթացքի մեջ է, ավարտին հասցնեն, բայց նոր շենք չքանդեն: Այս ընթացքում թող մրցույթներ անցկացնեն, և հանրությունն էլ մասնակցի ներկայացվող նախագծերի քննարկմանը: Ուզում եմ` վերևներում նստած մարդիկ էլ մի քիչ սրտացավ լինեն ու շահը մի կողմ թողնեն:
Լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյան
Ո\'չ պաշտոնյաները, ո\'չ ճարտարապետները խնդիրը չեն լուծի, քանի որ շահ ունեն: Ասում են` գերակա շահ են ճանաչվել այդ շենքերը, բայց պարզվեց` ինչ-որ մեկի անձնական շահն է, ոչ թե պետության շահը: Եթե այդ ամենը քանդեն, քաղաքը ոչ մի արժեք չի ունենա: Մենք չենք ուզում բետոնե կույտերով հիանալ: Մի օր պետք է ասել` ոչ, բավական է, ու բռնել քանդող ձեռքը: Այսօր այդ մի օրն է:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր Տիգրան Հեքեքյան
Եթե մարդկանց ձեռք է տալիս ապրել այս բետոնե քաղաքում, որը դիմագիծ չունի, ուրեմն` նրանք կա\'մ աշխարհում չեն շրջել, կա\'մ խիղճ չունեն: Երբ նայում եմ քաղաքին, նեղվում եմ, որ քարակույտում եմ ապրում: Երևանը հիմա միայն երեկոյան է գեղեցիկ, երբ ոչինչ չի երևում, բացի լույսերից: Ինչո՞ւ ենք այսօր մտքով այսքան տկար, ինչքա՞ն կարելի է, պետության անունը շահարկելով, սեփական գրպանը լցնել: Դանակը ոսկորին է հասել, հերիք է քանդեք:
Երգիչ Արամո
Քանդել այդ շենքերը` նշանակում է ունենալ ընտանեկան ֆոտոալբոմ, բայց ապուպապերիդ նկարները հանել ու պատմությունը սկսել քեզնով: Այդ շենքերն իմ ապուպապն են: Որ շատ փող ունենայի, ես կառնեի դրանք և մշակութային կենտրոններ կբացեի, բայց ես այդքան փող չունեմ: Այդ շենքերը մեր հիշողությունն են, քաղաքի սիրտը: Թող էլի նորը կառուցեն, բայց գողտրիկ վայրերը պահպանեն:
Երգիչ-երգահան Լիլիթ Պիպոյան
Մենք պետք է վայրի կապիտալիզմի դիմացն առնենք, քանի որ մարդիկ կենտրոնը սարքել են շենքերի կույտ, որտեղ ոչ ոք չի էլ բնակվում: Աբովյանի վրա գտնվող հրշեջների շենքի ճարտարապետը Երևանի առաջին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն է եղել, ու հիմա որոշել են քանդել այդ շենքը: Ո՞վ է որոշում լավն ու վատը, և ինչո՞վ է լավը լավ համարվում, չէ՞ որ երբեմն պարզ ու հստակ կառույցներն ավելի հմայիչ են: Եթե որոշեն հրշեջների շենքը քանդել, ես կգնամ ու կպառկեմ այնտեղ: Երևանը խուլ գյուղից եկած աղջկա է հիշեցնում, որը 3 կգ շպար է դեմքին ծեփել և իրեն թվում է` դա է գեղեցկությունը, ո՛չ, գեղեցկությունը պարզության մեջ է: Մեզ վայրի ցեղ են ուզում դարձնել, որոնք չեն հիշում իրենց մորն ու հորն անգամ:
Երգիչ Արթուր Իսպիրյան
Երևանը դարձել է մի քանիսի սեփականությունը: Թողնում են, որ շենքերն անտերության մատնվեն, փլվեն, որ հետո հանգիստ խղճով քանդեն ու դեռ մի բան էլ արդարանան, թե` տեսեք, փլված շենք էր: Ասում են` ուզում ենք Հին Երևան կառուցել, բայց այն, ախր, պատրաստ կա,. քանդելով չեն կառուցում, և փորձն էլ ցույց տվեց, որ քանդած քարերը գնում-կորչում են, ոչ ոք չի պահպանում դրանք:
Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյան
Ասում ենք` Երևանը 2800 տարեկան է, այդ դեպքում ո՞ւր են մեր հին շենքերը: 200 տարեկան շենքերը ոչնչացնելով` աշխարհին 2800 տարեկան ենք ներկայանում: Մենք պատմության սկզբում գտնվող քաղաք ենք դարձել, որը, չգիտես` ինչու, հավակնում է դարավոր կոչվել. այս ամենը ծիծաղելի է: Հիմա էլ ուզում են հին շենքերը քանդել ու բետոն կառուցել, դարձել ենք բետոնով հիացող մարդիկ: