Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ հետաքրքրվելով մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների գրքույկներում համապատասխան գրառումներ չկատարելու խնդրով:
Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ գրքույկների հետ կապված խնդրին ՊՆ-ն անմիջապես արձագանքել է: «ՊՆ-ի թեժ գծով ստացված յուրաքանչյուր զանգի հետևից գնալով՝ խնդիրը ճշտել էին զինկոմիսարիատներում: Անճշտություններ հայտնաբերվել էին մեկ տասնյակից ոչ ավելի դեպքերում, յուրաքանչյուր պարագայում հանձնարարվել է ուղղում կատարել այդ գրքույկներում»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ բոլոր այն տղաները, ովքեր մարտական գործողություններին նույնիսկ չեն մասնակցել, բայց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին եղել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, արտոնություններ են ստացել Հայստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի միջոցով:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են զինծառայողներին առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներով շարունակում ապահովել զինվորների ընտնիքները, նախարարն ասաց. «Յուրաքանչյուր զինծառայող բյուջեով նախատեսված չափով ամսական ստանում է գումար` իր համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ գնելու համար, իսկ եթե լրացուցիչ պարագաների կարիք է ունենում, շատ հնարավոր է, որ տանից են ուղարկում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դրա կարիքը չլինի: Եթե խնդիրն այն է, որ ուղղակի չի հերիքում տվածը, դա շատ վատ է: Մենք պատրաստ ենք ամեն մի նման դեպքի հետևից գնալ, ուսումնասիրել և գնալ եզրահանգման»:
Մանե Թանդիլյանը հարցրեց նաև ծառայության ընթացքում զինծառայողների ստացած հիվանդությունների և դրանց բուժման խնդիրների մասին՝ հիշեցնելով բանակում քաղցկեղ ձեռք բերած զինծառայողի դեպքը:
«Ճիշտ չեմ համարում անձի առողջական վիճակին վերաբերող տեղեկությունները հանրայնացնելը, բայց քանի որ արդեն այդ մասին լրատվամիջոցներն էլ հրապարակել են, ասեմ` մեզ մոտ զինծառայողների համար քաղցկեղի բուժումն իրականացվում է պետպատվեի շրջանակներում: Այդ դեպքով` տվյալ զնծառայողը, ստանալով ախտորոշումը, որոշել էր այլ բուժման կուրս անցնել և որոշել էր ձեռք բերել այլ դեղամիջոցներ` արտերկրից: Այդ հարցով նա դիմել է ՊՆ-ին, և նախարարությունը, ընդառաջելով նրա խնդրանքին, գտել է այլ միջոցներ և շուրջ 5 մլն-ի օգնություն է ցույց տվել այդ տղային` իր դեղերը ձեռք բերելու համար»,- նշեց նախարարը: