|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին` զեկուցել դիզվառելիքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին:
Արտակ Շաբոյանը հայտնեց` քանի որ բենզինի ոլորտը ներկրման և իրացման բարձր կենտրոնացված շուկա է, այն մշտապես գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում:
«Մեր ուսումնասիրության արդյունքներով` բենզինի գները նվազել են 2015-ին՝ հասնելով 390 դրամի: Դոլարային արտահայտությամբ բենզինի գինն ավելի շատ է նվազել: Եթե 2014-ի թվերը դիտարկենք, ապա բենզինի գները ավելի շատ են նվազել` 480-ից հասնելով 390-ի, ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ, բենզինի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Բենզինի վաճառքի գների նվազումը ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով` համեմատություններ են անցկացվել նաև այլ երկրների հետ, և արդյունքը այն է, որ, եվրոյով արտահայտված, 2015թ. ընթացքում բենզինի գները նվազել են 14 տոկոսով: Ըստ Շաբոյանի` եվրոպական երկրներում բենզինի գնի նվազումը շատ ավելի է, քան ՀՀ-ում, բայց գնագոյացման վրա կարևոր նշանակություն ունի նավթի տեսակարար կշիռը: «Բենզինը Հայաստան հիմնականում ներկրվում է ՌԴ-ից: Գնագոյացման մեջ արդյունահանման ծախսերը, տրանսպորտային ծախսերն ու հարկերը մեծ տեսակարար կշիռ են կազմում, և ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտ 8 տոկոս»,- ասաց նա:
Ըստ Շաբոյանի` ներկայումս բենզին ներկրում է երկու ընկերություն՝ «Ֆլեշ»-ը և GPS-ն, մինչդեռ 2007-ին 5-6 ընկերություններ էին ներկրում բենզին: Փաստորեն, բենզին ներկրող ընկերությունների թիվը նվազել է, սակայն այդ երկու ընկերությունների գործունեությունը, ըստ Շաբոյանի, մշտապես գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում:
«Բենզինի ներկրման շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցային անհավասար պայմաններ չկան, այնուհանդերձ, եթե լինեն տնտեսվարողներ, որ այդ ոլորտում կհանդիպեն խոչընդոտների, թող դիմեն մեր հանձնաժողովին»,- ասաց Արտակ Շաբոյանը: