կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 17:10
Հասարակություն

Մեզ չի հետաքրքրում`որ ընկերության սեփականտերը ով է. Արտակ Շաբոյան

Մեզ չի հետաքրքրում`որ ընկերության սեփականտերը ով է. Արտակ Շաբոյան

ՏՄՊՊՀ-ն ֆիզիկական անձանց չի տուգանում, տուգանում է տնտեսվարող սուբյեկտներին. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ արձագանքելով հարցին, թե մտահոգիչ չի՞ համարում այն հանգամանքը, որ Սամվել Ալեքսանյանը հայտարարում է` «խախտումներ անում ենք, բայց աշխատատեղ ենք ստեղծում»:

Շաբոյանի խոսքով` «Ալեքս Գրիգ» ընկերությունը նախկինում մի քանի անգամ տուգանվել է հանձնաժողովի կողմից, և եթե էլի խախտումներ լինեն, դարձյալ կտուգանվի:

«Խոսքը ոչ միայն վերաբերում է «Ալեքս Գրիգ»-ին, այլ մնացած բոլոր ընկերություններին: Մենք ուսումնասիրում ենք և իրավախախտումների հիմքերի ապացույցների առկայության դեպքում պատասխանատվության ենթարկում տնտեսվարողներին: Եթե առարկայական փաստեր կան, ներկայացրեք հանձնաժողովին: Մենք և\' մեր նախաձեռնությամբ ենք իրականացնում, և\' հետևում ենք մամուլին»,- ասաց Շաբոյանը:

Պատասխանելով հարցին, թե բանանի շուկան ե՞րբ է ստուգվելու, նա պատասխանեց, որ բանանի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում ու մշտապես գնագոյացման հաշվարկներ են կատարվում, ուսումնասիրություններ են իրականացվում: ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաև, որ իրենց չի հետաքրքրում թե որ ընկերության սեփականատերն ով է, ինչպիսի կարգավիճակ ունի: «Մենք խոսում ենք ընկերությունների, իրավաբանական անձանց մասին: Օրենքի լեզվով` մոնոպոլիաներ, մենաշնորհներ չկան, այսինքն՝ կան բնական մենաշնորհներ`«Հայռուսգազարդ»-ը, ՀԷՑ-ը: Մնացածները կոչվում են գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ: Այո, կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, կան շուկաներ, որոնք կենտրոնացված են, ունենք խոշոր ընկերություններ, բայց դա խախտում, խնդիր չէ: Մենք պայքարում ենք իրավախախտումների, հակամրցակցային հարաբերությունների դեմ»,- ասաց Շաբոյանը: