կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 16:53
Հասարակություն

Ինչպիսին է գրիպով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում. ներկայացնում է նախարարը

Ինչպիսին է գրիպով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում. ներկայացնում է նախարարը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին H1N1 վիրուսի վերաբերյալ, նրան հետաքրքրում էր նաև սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը հանրապետությունում:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ամեն տարի այս ժամանակահատվածում լինում է նման վիճակ` սուր շնչառական հիվանդությունների հետ կապված, իսկ H1N1 վիրուսը կա 2009-ից, ընդ որում` կան երկրներ, որտեղ ավելի բացասական պատկեր է արձանագրվել: Նախարարությունը պատշաճ իրականացրել է գրեթե բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այն է՝ հեռուստատեսային կանխարգելիչ տեղեկատվական հաղորդումներ, անհրաժեշտ դեղորայքային ապահովվածություն, իսկ արագ արձագանքման խումբն աշխատել է առանց արձակուրդների: Նախարարը նշեց, որ 3300-ից ավելի հիվանդ հոսպիտալային օգնություն է ստացել:

«Ինքը իրենով վիրուսը մահացու չէ, վտանգավոր են դրա բարդացումները, մանավանդ, եթե կան ուղեկցող հիվանդություններ` թոքաբորբ, շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ: Այս պահին նկատվում է հիվանդության նվազում, 570 հիվանդ կա հիվանդանոցում»,- ասաց նախարարը:

Վահե Էնֆիաջյանը հարցրեց` քանի՞ մարդ է մահացել H1N1 վիրուսից, նախարարը պատասխանեց, որ գրանցվել է մահվան 19 դեպք, բոլորն ուղեկցվել են հիվանդություններով ու եղել են բժիշկներին ուշ դիմելիության պատճառով: