կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 13:28
Տնտեսական

Մեր ավանդական գործընկերների հետ առևտուրը նվազել է. էկոնոմիկայի նախարարն ամփոփում է տարին

Մեր ավանդական գործընկերների հետ առևտուրը նվազել է. էկոնոմիկայի նախարարն ամփոփում է տարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2015 թվականը: Նրա խոսքով` անցած տարին սկսվեց բացասական ազդակներով, դա դրսից եկած բացասական միտումների ու ազդակների ազդեցության հետևանքն էր, որից խուսափել հնարավոր չէր:

Ճշմարիտյանի խոսքով`մի կողմից դրական է այն, որ մենք ունենք տնտեսական ակտիվության աճ, մյուս կողմից` դա բավարար չէ մեր տնտեսության համար, որպեսզի մենք կարողանանք մեր ցանկացած աճը ապահովել:

«Հաշվի առնելով այն ազդեցությունները, հարվածները, որոնք ունեցանք, պետք է նշել, որ մեծ ջանքեր են պահանջվել` հասնելու այն հարցերի լուծմանը, որոնց հասել ենք»,- ասաց նա` հավելելով, որ նախարարության ենթակայության ներքո 18 ոլորտ կա:

Նախարարը նշեց, որ հիմնական ջանքերն ուղղված են տնտեսության մրցունակության զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը, ՓՄՁ-ների զարգացման աջակցության ընդլայնմանը, տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդմանը:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103. 1 տոկոս, որը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսությունն ի վիճակի է երկրի ներսում մրցունակություն բարձրացնել: 2015 թվականի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ `աճը կազմել է 5.2 տոկոս»,- ասաց Ճշմարիտյանը` հավելելով, որ բացասական ցուցանիշ է գրանցվել առևտրի ոլորտում` նվազում 32 տոկոսով:

Նախարարը նշեց, որ աճ գրանցած ճյուղերում կարող են լինել ենթաճյուղեր, որոնք ունեն անկում: Աճ է գրանցվել ծխախոտի արտադրության, դեղագործության, կահույքի արտադրության և մի շարք այլ ճյուղերում, անկում է գրանցվել սննդամթերքի և խմիչքների արտադրության ոլորտներում, ինչը, նախարարը պայմանավորում է ռուսական շուկայում տիրող իրավիճակով:

«2015 թվականի հունվար- սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրա ներդրումային հոսքերը կազմել են 296, 7 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնական ձեռքբերումներից են նաև օրենսդրական փոփոխությունները: Ունենք արտաքին առևտրի աճ այլ երկրների հետ և ունենք մեր տրադիցոն գործընկերների` ԵՏՄ-ի և Եվրամիության հետ անկում: Ներքին առևտրի շրջանառությունը նվազել է, նախորդ տարվա համեմատ, 6,4 տոկոսով: ՏՏ, ինովացիոն ոլորտներում աննախադեպ աճ է գրանցում: Կառավարության և մասնավորի միջև աշխատանքը լուրջ աճ է գրանցել: 0,9 տոկոսի անկում կա զբոսաշրջության ոլորտում: ՌԴ-ից է հիմանական պակասը: Պակասել են նաև եվրոպական տարբեր երկրներից»,- նշեց նախարարը:

Նա ներկայացրեց նաև 2105 թվականին իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացված այլ աշխատանքներ և տարվա տնտեսական այլ ցուցանիշներ: