Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր 2015 թվականն ամփոփեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա առանձնացրեց հինգ ոլորտ` աշխատանքի և զբաղվածության ոլորտ, կենսաթոշակային ոլորտ, սոցիալական աջակցության ոլորտ, հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր, երեխաների իրավունքների պաշտպանություն:
Նախարարը վստահեցրեց, որ նախարարությունը շարունակել է համակարգային բարեփոխումները: 15 հազարից ավելի անձ, ովքեր ներգրավված էին զբաղվածության պետական ծրագրերում, տեղավորվել են աշխատանքի, որոնցից 6285-ը` սեզոնային, իսկ 400-ը Տավուշի մարզում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով:
Նախարարի խոսքով` կենսաթոշակային ապահովության բնագավառում հիմնական թիրախը եղել է աղքատության նվազեցումը: 2014 և 2015թթ. յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից բարձրացվել են աշխատանքի կենսաթոշակի չափը. 2014-ին այն կազմում էր 14 հազար դրամ, 2015-ին` 16 հազար դրամ: Ավելացել է աշխատանքային ստաժի մեկ տարվա չափը, որը 2015-ին դարձել է 10 տարվա համար տարին` 800 դրամ, 10 տարին գերազանցած յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ: Բարձրացվել են ծերության, հաշմանդամությա , կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, արձանագրվել է զինվորական կենսաթոշակների չափերի բարձրացում: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 2015-ին կազմել է, համապատասխանաբար, 16 հազար դրամ և 1500 դրամ:
Փոխվել են երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ձևերն ու ծավալները: Մասնավորապես` ընտանիքում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող միանվագ նպաստի չափը սահմանվել է 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1,5 միլիոն դրամ: Երկու դեպքում էլ նպաստի գումարի 500 հազար դրամը տրամադրվում է կանխիկ, իսկ մնացած մասը` անկանխիկ:
Լրագրողների հարցին, որ ՀՀ քաղաքացիները համատարած դժգոհ են իրենց սոցիալական կյանքից, որպես նախարար` ի՞նչ խորհուրդ կտա այդ մարդկանց` ինչպե՞ս դիմակայել սոցիալական դժվարություններին, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Բնական է, որ պահանջմունքները և իրականացվող ծրագրերը երբևէ չեն կարող համապատասխանել մեկը մյուսին, և դա այդպես է շատ երկրների դեպքում: Սոցիալական կարիքները անընդհատ աճում են, և դա բնական է: Բնական է, որ եղած հնարավորությունների շրջանակներում հնարավոր չէ բոլոր սոցիալական կարիքները բավարարել: Պետական բյուջեի 30 տոկոսը վերաբերում է սոցիալական պաշտպանությանը: Բոլորս հասկանում ենք, որ մեր իրավիճակում գտնվող երկրի համար բազմաթիվ այլ ծախսեր ու առաջնահերթություններ կան, և բյուջեի մեկ երրորդն ուղղելով սոցիալական պաշտպանությանը` դա հստակ վերաբերմունք է սոցիալական պաշտպանությանը»:
Նախարարի խոսքով` այսօր աշխարհում աճում են անորոշությունները, և կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում արել է հնարավորը, որ իրականացնի ստանձնած պարտավորությունները: