Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը, տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին և այս համատեքստում Հայաստանի շահերին:
Ըստ իրանագետի`խոսքն ավելի շատ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի պատժամիջոցների թուլացմանը: «Վերանում են այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են բանկային համակարգին, Իրանի նավթագազային հատվածին, երկրի ներսում ներդրումների խնդրին, որոնք կիրարկվել էին Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի շրջանակներում»,- ասաց նա` հավելելով, որ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները միայն քաղաքական ֆոնի վրա չեն:
«Հայաստանն այս պատժամիջոցների ամբողջ ընթացքում չի մասնակցել որևէ հակաիրանական գործողության, որևէ միջազգային ատյանում չի քվեարկել որևէ օրինագծի կողմ, որը Իրանին կվնասեր: Հայաստանը մշտապես նպաստել է Իրանին միջազգային մեկուսացումից դուրս հանելու գործընթացին: Հայաստանն այն խողովովակներից մեկն է, որը կարող է որոշակիորեն ապահովել Իրանի բանկային համակարգի կայունությունը` բանկային միջոցների պատժամիջոցների ընթացքում: Մենք եղել ենք Իրանի վստահելի, կանխատեսելի գործընկերը»,- ընդգծեց Ոսկանյանը:
Նրա խոսքով`իրանցիները Վիեննայում կայացած համաձայնությունից հետո առաջին ուղղությունները, որոնց վրա սկսեցին աշխատել Հայաստանի հետ կապերի ընդլայնումն էր: «Եղան պատվիրակությունների այցեր: Իրանն ու Հայաստանը նպաստեցին նոր ձևաչափի ստեղծմանը, խոսքը Ռուսատան-Վրաստան-Հայստան–Իրան քառակողմ համագործակցության մասին է: Էլեկտրաէներգիայի միջանց ստեղծելու մասին է խոսքը, որը կարող է չափազանց հրապուրիչ, ընդօրինակելի ձևաչափ լինել հետագա համագործակցության համար»,- ասաց իրանագետը:
Նա նշեց նաև, որ Թուրքիայի տարածքը իրանցիների համար գրավիչ չէ և անկանխատեսելի է` կապված Էրդողանի կողմից քրդական հարցի անմիտ սրացման հետ: «Նավթատարերի և գազատարերի պայթյունների ընթացքում Թուրքիայի իմիջը բավականին տուժեց, և Թուրքիան կորցրեց իր գրավչությունը նաև Իրանի համար: Ադրբեջանը ևս հրապուրիչ չէ, քանի որ Ադրբեջանում ճնշվում են բոլոր իրանամետ գործողությւոնները»,-ասաց Ոսկանյանը` հավելելով, որ հրաշքի սպասել էլ պետք չէ, սակայն Իրանը կարող է լուրջ էներգետիկ գործընկեր լինել Հայաստանի համար:
«ՀԷԿ-ի կառուցման նախագիծը Արաքսի վրա, ճանապարհային հաղորդակցության ոլորտը, մենք ունենք լավագույն հնարավորությունն Իրանը հյուսիսի հետ կապելու, Սև ծովի հետ կապելու: Շատ կարևոր է հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշխատանքների ավարտը: Հայաստանը Իրանի համար գրավիչ գործընկեր է»,- ընդգծեց նա:
Ոսկանյանը նշեց նաև, որ Իրանի համար Հայաստանը գրավիչ է նաև այն իմաստով, որ կարող է մեր երկիրը բավականին լավ տուրիստական, զբոսաշրջային ծառայություններ մատուցել: «Իրանցիները կարող են լուրջ ներդրումներ անել Հայաստանում: ՀՀ-ն մշակութային տուրիզմի տեսանկյունից է գրավիչ նաև, ինչպպես նաև կրթական տուրիզմի»,- ասաց իրանագետը և ընդգծեց, որ Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրը բավականին լուրջ է, սակայն, կա ֆինասական խնդիր: