Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին զբոսաշրջության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։
Նիստից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին նիստը։
«Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է զբոսաշրջության աճ, հատկապես`ՌԴ-ից նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ։ Նիստի ժամանակ մենք քննարկեցինք ոլորտի զարգացման խնդիրները։ Մոտեցումը հետևյալն էր՝ որքան էլ այսօր ունենք զբոսաշրջության աճ, այնուամենայնիվ, մեր ներուժը շատ ավելի մեծ է, և մենք պարտավոր ենք ընդլայնել զբոսաշրջության ոլորտն ու ծավալները։ Այդպիսով` մենք կունենանք մեծ ներդրում տնտեսության զարգացման գործում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Նիկոլայ Ռիժկովն էլ ընդգծեց, որ քննարկումը բավականին հետաքրքիր էր, քանի որ 18 տարվա ընթացքում նիստերի ժամանակ առաջին անգամ քննարկվեցին մշակույթին և զբոսաշրջությանն առնչվող հարցեր։
«Իմ կարծիքով՝ մենք ճիշտ արեցինք, որ այսօր հենց այս հարցերը մեր օրակարգում ներառեցինք։ Ասել, որ այսօրվա նիստից հետո ամեն ինչ շրջադարձային փոփոխություն կկրի, իրատեսական չի լինի, բայց այսօր մենք արեցինք առաջին քայլերը։ Մենք դրեցինք հիմքը, իսկ հետագայում պետք է շատ աշխատել։ Մի քանի տարուց հանձնաժողովը կրկին այս հարցին կվերադառնա և կքննարկի արդյունքները»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ չկա՞ մտավախություն, որ սահմանային լարվածությունը կդառնա խոչընդոտ ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցի համար, Ռիժկովը նշեց. «Չեմ կարծում, որ այստեղ լուրջ խոչընդոտներ կան»։
Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց. «Քննարկման ընթացքում մեր գործընկերներն անդրադարձան երկրի ներքին անվտանգության խնդրին։ Չնայած սահամանային իրավիճակին՝ Հայաստանն իր ներքին անվտանգությամբ զբոսաշրջիկների համար շատ գրավիչ, ընդունելի և առավելապես անվտանգ երկիր է համարվում։ Անգամ ՌԴ խոշորագույն այնպիսի քաղաքները, ինչպիսին Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և այլն, այդ իմաստով բավականին անհանգստություններ են առաջացնում, իսկ Հայաստանը, Երևանը և մեր մյուս քաղաքները՝ ոչ»։