Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելու ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին` բիզնես ոլորտի խթանման համար ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Ըստ նրա` տեղական բիզնեսը Հայաստանում, իր ողջ պոտենցիալով հանդերձ, չունի տնտեսությունն արագ զարգացանելու կարողություններ, ուստի ներդրումների հարցը շատ կարևոր է: Իհարկե, վերջին 7-8 տարիներին Հայաստանում ներդրումների ծավալը գնալով նվազել է` անցյալ տարի գրանցելով ընդամենը 181 միլիոն դոլար, մինչդեռ տարեկան 1-1,5 միլիարդ դոլարի ներդրումներ պետք է ապահովել, որպեսզի տնտեսությունն արդիականացվի և աճ գրանցվի:
«Բայց դա լուրջ թիվ է, մենք կկարողանա՞նք 181 միլիոն դոլարը հասցնել 1,5 միլիարդ դոլարի: Իհարկե, կան ոլորտներ, որոնք կարող են գրավիչ լինել ներդրումների համար: Առաջին ոլորտը գյուղատնտեսությունն է` այգիներ, ջերմոցներ, որոնք կնպաստեն գյուղատնտեսական ապրանքի լուրջ քանակի արտահանմանը Իրան, Ռուսաստան: Մյուսը էներգետիկ բնագավառն է, որտեղ հետաքրքիր ու ակտուալ են մնացել միայն քամու, արևի, ստորգետնյա տաք ջրերի ոլորտները: Երրորդ ոլորտը ՏՏ-ն է և ինժեներինգը»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Հայաստանը, ըստ նրա, ունի ներդրումների առումով իր վրա դերակատարություն վերցնելու նախադրյալներ: Դրան նպաստող հանգամանքներից է Հայաստանի աշխարհագրական դիրքը` որպես կամուրջ երկիր Իրանի և Ռուսաստանի միջև: Կառավարությունը նույնպես իր ծրագրում կարևորում է ներդրումների խթանումը բոլոր միջոցներով` արդար մրցակցային պայմաններ, քաղաքացիության շնորհում, հակակոռուպցիոն քայլեր: Իհարկե, ներդրումներ գրավելու համար, ըստ Մակարյանի, Հայաստանում բացասական գործոնները ևս շատ են, օրինակ` բոլոր կարևոր շենքերը, անշարժ գույքը արդեն սեփականաշնորհված են, և օտարերկրյա ներդրողներին քիչ գրավիչ շենքեր են մնացել` առաջարկելու: Հայաստանը դեռևս «փայլուն» դիրքեր ունի կոռումպացված լինելու առումով, որն ամենամեծ խոչընդոտներից մեկն է օտարերկրյա ներդրողների համար: Կառավարությունն այս ուղղությամբ մեծ անելիքներ ունի, քանի որ օտարերկրյա ներդրողը պետք է հստակ իմանա` ինչ միջավայրում է ինքը աշխատելու:
«Նման է մի բանի, որ ինտելիգենտ մարդուն տանես բանտ ու ստիպես շփվել այլ տեսակի մարդկանց հետ` ակնկալելով, որ նա մնա նույն ինտելիգենտ մարդը»,- օրինակ բերեց Մակարյանը:
Ըստ նրա` կառավարությունը պետք է կարողանա ճիշտ ներկայացնել Հայաստանը օտար երկրներին, որովհետև եվրոպական երկրներին շատ դժվար է ներկայացնել Հայաստանը և մոտիվացնել նրանց: