Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի «Հավաքականների մարզումային կենտրոնում»: Ինչպես ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, այն կտևի մինչև հունվարի 28-ը, որտեղից էլ հավաքականի հիմնական կորիզը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու հունվարի 28-31-ը Սոֆիայում կայանալիք Դան Կոլով և Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարին: Բուլղարիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Գևորգ Ղարիբյանը, Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Հավաքականի գլխավոր մարզչին Սոֆիայում կօգնեն Էդուարդ Սահակյանն ու Սամվել Գևորգյանը, իսկ Գևորգ Ալեքսանյանը Հայաստանը կներկայացնի որպես մրցավար: Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց նաև, որ նույն ժամանակահատվածում Արսեն և Արամ Ջուլֆալակյանները Արամ Գասպարյանի գլխավորությամբ Ստամբուլում կմասնակցեն ևս մեկ շատ ուժեղ մրցաշարի: Իսկ թե ինչու է այսպիսի որոշում կայացվել, հավաքականի գլխավոր մարզիչը բացատրեց. «Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացվելու է Ստամբուլում: Եվ քանի որ այս մրցաշարին պատրաստվում եմ մասնակցել Արսենի հիմնական մրցակիցները, ուստի նպատակահարմար գտանք նրան ուղարկել Թուրքիա, որպեսզի և՛ ծանոթ լինի մարզադահլիճում տիրող մթնոլորտին, և զգա իր մոտակա մրցակիցների ներուժը: Արամ Ջուլֆալակյանն էլ նրան օգնելու է մարզումային գործընթացում»:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշների համար այս տարվա գլխավոր ստուգատեսը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն են: