կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 14:05
Հասարակություն

Հայաստանում բժիշկների 10 ախտորոշումներից 4-ը սխալ է լինում. Ադիբեկյան

Հայաստանում բժիշկների 10 ախտորոշումներից 4-ը սխալ է լինում. Ադիբեկյան

Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ խոսեց գրիպի համաճարակի ու վտանգավոր վիրուսների տարածման մասին:

Հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա, Ադիբեկյանը պատասխանեց, որ համաճարակ չկա, բայց կա դրան տանող նախնական փուլ, և եթե վիրուսի տարածումը չկարողանան կանխարգելել, ապա այն կարող է հանգիստ վերաճել համաճարակի: Սոցիոլոգի խոսքով` Ուկրաինայում 25 մահվան դեպք եղավ, արդեն կարանտին են հայտարարել, որովհետև մտավախություն ունեն, որ նավահանգիստների միջոցով վիրուսը կարող է էլ ավելի տարածվել: Եվ համաճարակ հայտարարելու համար առաջին հերթին պետք է դիտարկել վտանգի չափը. եթե վտանգը մեծ է, ուրեմն պարտադիր չէ սպասել` տասնյակհազարավոր մարդիկ հիվանդանան, նոր հայտարարվի համաճարակ: Այսինքն` պետք է համաճարակին նախապատրաստվել նախօրոք:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Հայաստանում բժիշկների կողմից հիվանդությունների սխալ ախտորոշման վիճակագրության մասին: Ադիբեկյանը նշեց, որ առաջնային ախտորոշումը ճիշտ է լինում 30 տոկոսի դեպքում, երկրորդային կլինիկական ախտորոշումը ճիշտ է լինում 60 տոկոսի դեպքում: Այսինքն, ըստ Ադիբեկյանի, 10 ախտորոշումից 4-ը սխալ է լինում կամ կիսատ-պռատ:

«Սխալ ախտորոշումը միայն բժիշկների սխալը չէ: 150 հազար հիվանդություն կա: Դուք լսե՞լ եք աչքի թոքախտ հիվանդության մասին, որով կարող է հիվանդանալ 100 միլիոն մարդուց մեկը: Մեկ ուրիշ օրինակ բերեմ` ակադեմիկոս ունեինք, հիվանդացավ, տարածքային բժշկուհին ախտորոշեց` էխինակոկի ռեցիդիվ է սկսվել. ճիճվային հիվանդություն է դա: Տարան պրոֆեսորների մոտ, սրանք էլ ասացին, թե ակադեմիկոսի մոտ քաղցկեղ է: Մեկ ամիս հետո այդ ակադեմիկոսը մահացավ, դիահերձումը ցույց տվեց, որ այդ մարդու մոտ էխինակոկի ռեցիդիվ էր ընդամենը: Փաստորեն, եթե հավատային տարածքային բժշկուհուն, կարող էին այդ մարդուն բուժել ու կյանքը փրկել: Իսկ Ռուսաստանում մի կին դատի տվեց իր բժշկին, ով մեկուկես տարի իրեն բուժել է մի հիվանդությունից, որն իրականում չուներ: Ահա, թե ինչու են ասում, որ ճիշտ ախտորոշումը բուժման 50 տոկոսն է: Բժիշկների խաբեբայությունների մասին չեմ խոսում, պարզպես բժշկությունը հրաշագործություն չէ, այլ գիտություն, որն ունի իր արդյունավետության խիստ սահմանները: Հեքիմների ինստիտուտը այդքան առաջ է գնում, որովհետև բժիշկներն ասում են, որ մեր միջոցները սպառվել են, մնում է կա\'մ հույսը դնել ճակատագրի քմահաճույքի վրա, կա\'մ գնալ հեքիմների մոտ»,- ասաց Ադիբեկյանը: