կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 12:05
Հասարակություն

Ուկրաինան կարանտին է մտցրել գրիպի պատճառով, Հայաստանում կարանտին հայտարարելը տեխնիկապես բարդ է. Ադիբեկյան

Ուկրաինան կարանտին է մտցրել գրիպի պատճառով, Հայաստանում կարանտին հայտարարելը տեխնիկապես բարդ է. Ադիբեկյան

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ խոսեց «խոզի գրիպի» տարածվածության մասին: Նա նախ շեշտեց, որ եթե այն տարածված է աշխարհում, իսկ մենք հայրենակիցներ ու բարեկամներ ունենք աշխարհի բոլոր մասերում, ուրեմն հիվանդությունը կարող է հեշտությամբ ներթափանցել Հայաստան: Հայաստան գալիս է տարեկան մեկուկես միլիոն մարդ, ինչը գործոն է վարակիչ հիվանդությունների տարածման համար:

Ըստ Ադիբեկյանի` գրիպի առաջին համաճարակները մեր թվարկությունից առաջ տարել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, հետագայում` բժշկության զարգացմանը զուգահեռ, հնարավոր եղավ համաճարակների դեմն առնել:

Գրիպի համաճարակի դեմն առնելու համար անգամ Օբաման է կոչ արել կազմակերպված ծրագրեր իրականացնել: Բայց, ըստ Ադիբեկյանի, համաճարակների դեմ պայքարը միայն բժշկության խնդիրը չէ, որովհետև հասարակությունը ևս պետք է ձեռնարկի միջոցառումներ, մարդիկ պետք է դիմակներ հագնեն, նվազեցնեն միջանձնային շփումները և այլն:

«Գրիպի գաղտնի շրջանը մեկ շաբաթ է տևում, երբ մարդը վիրուսակիր է և վարակում է շրջապատին, հետևաբար, շատ կարևոր է, որ առաջին նշաններն ի հայտ գալուն պես մարդը դիմի բժշկին, որ որոշեն դա խոզի գրի՞պ է, թե՞ ոչ: Վտանգն այն է, որ ինկուբացիոն շրջանը երկար է:

Ուկլրաինան կարանտին է մտցրել խոզի գրիպի տարածումը կանխարգելելու նպատակով: Սակայն մեզ մոտ մի քիչ բարդ է, որովհետև տեխնիկական բարդություններ կան: Սահմանին մեկուկես միլիոն մարդու` ջերմություն ունեն, թե` ոչ, անալիզներ վերցնեն, և այլն, դա շատ բարդ խնդիր է: Ռուսաստանն էլ սկսեց պատվաստումներ գրիպի դեմ ռիսկային շրջաններում: Մեզ մոտ էլ առողջապահության նախարարը հայտարարեց, որ անվճար կարող են տրամադրել հակավիրուսային դեղերը: Բոլոր պետք է լինեն աչալուրջ, որովհետև Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումները նպաստում են հիվանդությունների տարածմանը մի քանի օրվա ընթացքում: Կարող է՝ Ավստրալիայում մեկը փռշտա, Հայաստանում ասեն՝ առողջություն»,- ասաց Ադրբեկյանը: