Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-12-12 18:49
Առանց Կատեգորիա

Ալիևը տանկերով է գնում Սարգսյանի հետ բանակցելու

Ալիևը տանկերով է գնում Սարգսյանի հետ բանակցելու

Անցած մեկ շաբաթվա ընթացքում հայկական զինուժը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չորս կորուստ է ունեցել և, ըստ պաշտոնական տվյալների՝ երեք վիրավոր: Սահմանի ղարաբաղա-ադրբեջանական հատվածը, առանց չափազանցության, այլևս կարելի է ոչ թե շփման գիծ համարել, այլ ռազմաճակատ: Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արդեն կիրառում է մանր, միջին և որոշ դեպքերում՝ խոշոր տրամաչափի այն բոլոր զինատեսակները, որոնք հնարավոր է օգտագործել այսպես կոչված «խրամատային» ռազմական ինտենսիվ գործողությունների ժամանակ՝ հայկական կողմին ստիպելով դիմել զսպողական հակադարձ միջոցների: Օրվա գրեթե բոլոր ժամերին սահմանագծի տարբեր հատվածներում տեղի է ունենում ակտիվ փոխհրաձգություն, փոխադարձ արկակոծություն՝ հանգեցնելով երկկողմանի մարդկային կորուստների:

 Դեկտեմբերի 9-ին, երբ, անցնող շաբաթվա կրտվածքով գրանցվեց հակառակորդի ամենաբարձր ակտիվության մակարդակը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե լարվածությունը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը 1in.am-ի հետ հարցազրույցում ասաց, թե մեզ ընդամենը մեկ քայլ է բաժանում լայնամասշտաբ պատերազմից: Ըստ ամենայնի՝ պակասող այդ մեկ քայլը ավիացիայի և ռեակտիվ հռթիռահրետանային համակարգերի կիառումն է, որից հակառակորդն առայժմ խուսափում է, թեև չի բացառվում, որ առաջիկայում նա կհաղթահարի նաև այդ արգելքը: Դեկտեմբերի 9-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը, ըստ ԼՂՀ ՊԲ-ի, առաջին անգամ կրակ է արձակել տանկ(եր)ից՝ փաստացի անցնելով լայնածավալ պատերազմին տանող հոգեբանական ևս մեկ սահմանագիծ: Նախօրեին ՊԲ-ի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ հակառակորդը նաև զենիթային կայանք է օգտագործել: Անցած սեպտեմբերին, ինչպես հայտնի է գործողության մեջ դրվեց  նաև 125մմ տրամաչափի զինատեսակ՝ «Հաուբից» տիպի հրետանի: Այլևս կասկած չկա, որ հակառակորդն աստիճանաբար ընդլայնում է կրառվող զինատեսակների քանակը և շրջանակը: Սա հստակ մարտավարություն է, որի նպատակը լարվածության հետևողական մեծացմանը ոչ միայն հայկական կողմին, այլև ողջ միջազգային հանրությանն  ադապտացնելն է, այս միտումը օրինաչափության վերածելը:

Նավթի գների կատաստրոֆիկ անկումը, մանաթի կտրուկ արժեզրկման սպասումները, 2016-ի համեստ բյուջեի ընդունումը, ինչպես նաև երկրի ներսում շիա-իսլամիստական ծայրահեղականության ակտիվացումով պայմանավորված ներքին անկայունության մեծացման հնարավորությունը նվազագույնի են հասցնում լայնածավալ պատերազմին Բաքվի կողմից գնալու հնարավորությունը: Սակայն լարվածության մեծացումը կարող է ծառայեցվել տակտիկական այլ  նպատակների:

 Առաջինը մի կողմից հայաստանյան հասարակության մեջ պատերազմի անխուսափելիության կամ ավելի ճիշտ արդեն ընթացքի մեջ լինելու, մյուս կողմից՝ ադրբեջանական հասարակությանն իրենց բանակի անհաղթելիության մեջ ներշնչելն է: Հայերի պարագայում նպատակը խուճապային տրամադրություններ հարուցելն է, որպեսզի հասարկությունը ճնշում գործադրի իշխանության նկատմամբ՝ իբր նորանոր կորուստներից խուսափելու համար վերջինիս ստիպելու բանակցություններում գնալ միակողմանի զիջումների: Թաքցնելով սեփական կորուստները, հրապարակելով հայկական դիրքերի արկակոծման, ռազմական տեխնիկայի խոցման մասին անօդաչու սարքերով արված տեսագրությունները, հայկական կողմի տասնյակ, հարյուրավոր զոհեր ունենալու մասին տարածելով ապատեղեկատվություն` Բաքուն հոգեբանական-տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի նկատմամբ: Սեփական հասարակության պարագայում՝ նպատակը ներքին քաղաքական ու տնտեսական խորքային խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելն է, ինչպես նաև ճակատում ունեցած կորուստներն արդարացնելը: 

Երկրորդ պատճառը ռուս-թուրքական առճակատման համատեքստում Թուրքիային քաղաքական և դիվանագիտական օժանդակություն ցուցաբերելն է: ԼՂ-ում պատերազմի վերսկսման տպավորություն թողնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին՝ ստեղծելով նրա համար Ուկրաինայից և Սիրիայից հետո երրորդ ճակատը բացելու սպառնալիքը: Որ սա ավելի շատ շանտաժ է, վկայում է այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ ամիսների, Սիրիայում թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ռուսական ինթնաթիռի խոցումից հետո Ադրբեջանը խուսափում է ԼՂ-ում լարվածությունը մեծացնելուն զուգահեռ նաև Հայաստանի սահմանները և սահմանամերձ բնակավայրերը թիրախավորելուց: Բաքուն, թերևս, զգուշանում է Ռուսաստանի ռեակցիայից՝ համարելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանին օժանդակելու գործոնն օգտագործելով՝ Մոսկվան իրեն կստիպի վերջնական ընտրություն կատարել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչից Բաքուն ամենաշատն է հիմա խուսափում: Առավելևս, որ ստեղծված իրավիճակում ընդհանրապես չի բացառվում, որ  հարավկովկասյան թիկունքը պաշտպանելու համար Ռուսաստանը կարող է թե\' աբխազական ու հարավօսական և թե\' ղարաբաղյան հակամարտությունների միջոցով ուղղակի էքսպանսիա իրականացնել Հարավային Կովկասում՝ վերջնական դարձնելով հաստատված ստատուս քվոն:  

Երրորդ և թերևս հիմնական պատճառը Բաքվի կողմից ԼՂ բանակցային գործընթացում իր օգտին ճեղքում ապահովելն է: Այս ամիս պլանավորված է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկար սպասված հանդիպումը: Տևական ժամանակ մեծացնելով սահմանում լարվածության աստիճանը՝ Բաքուն ուզում է համոզել, որ իրեն դուրս է համարում ՄԽ հսկողությունից, որ պատերազմն իրողություն է, որը  պետք է ընդունել իբրև բանակցությունների անքակտելի մաս, առանց որի կատարած «սրբագրումների», այլևս հնարավոր չէ մտածել լուծումների մասին:

 Ալիևը, փաստորեն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը գնում է տանկերի ուղեկցությամբ, որոնք կրակում են ոչ միայն հայկական կողմի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուղղությամբ: Հարցն այն է, որ իր ներկայիս դիվանագիտությամբ և իրականացվող քարոզչությամբ հայկական կողմն ուղղակի ջուր է լցնում Բաքվի այս շանտաժային քաղաքականության վրա: Բայց սա առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Գևորգ Դարբինյան