կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-05 14:03
Հասարակություն

Ոստիկանությունը դիմել է քաղաքապետարան` երեկվա երթը կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ

   Ոստիկանությունը դիմել է քաղաքապետարան` երեկվա երթը կազմակերպած անձանց նկատմամբ  վարչական վարույթ  սկսելու  միջնորդությամբ

2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապրեի բաժինը։

Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար: Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար: Ավելի ուշ պարզվել է, որ հավաքի կազմակերպիչները խախտելով նախապես տրված իրազեկմամբ նշված երթուղին, շարժվում են դեպի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ավելին, նույն օրը անցկացված հավաքի ընթացքում դրա կազմակերպիչները հնչեցրել են հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ աղերս չունեցող և իրավախախտման հատկանիշներ պարունակող տարաբնույթ գործողություններ կատարելուն ուղղված բազմաթիվ կոչեր, մասնավորապես, հորդորել են առաջիկա օրերին «արգելափակել փողոցներ», «շրջապատել շենքեր», «այցելել պետական կառույցներ» և այլն: ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով հանդուրժողականության և համաչափության սկզբունքներից բխող իր գործելակերպին, հավաքների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից, օրենքի ուղղակի խախտումները քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով քողարկելուց, անպատասխանատու հայտարարություններ տարածելուց: Նման վարքագիծը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վտանգ է ստեղծում, այդ թվում՝ սպառնում է հավաքի մասնակիցների և ոստիկանների անվտանգությունը:

ՀՀ  ոստիկանությունն   ապօրինի /իրազեկման պայմանների խախտմամբ/   երթ  կազմակերպած   անձանց   նկատմամբ  վարչական վարույթ   սկսելու  միջնորդությամբ դիմել  է  Երևանի քաղաքապետին: