կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 17:20
Հասարակություն

Գավառում տարեց կինը բարիկադավորել է տունն ու մահացել աղբակույտի մեջ, քույրն էլ ահազանգում է սպառնալիքների մասին

Գավառում տարեց կինը բարիկադավորել է տունն ու  մահացել աղբակույտի մեջ, քույրն էլ ահազանգում է սպառնալիքների մասին

Օրեր առաջ yerkir.am-ի խմբագրություն էր դիմել Գավառ քաղաքի բնակիչ` 60-ամյա Սվետա Դավթյանը և հայտնել, որ որևէ տեղեկություն չունի Գավառում բնակվող իր քրոջից՝ Արաքսյա Դավթյանից: Տիկին Սվետայի խոսքով՝ արդեն մի քանի օր է` քույրը չի այցելել Գավառի բարեգործական ճաշարան, որտեղ սնվել է: Քրոջ անհետացման կապակցությամբ Սվետան դիմել է նաև ՄԻՊ-ի գրասենյակ, որն էլ իր հերթին ՝ ոստիկանություն:

Երեկ արդեն yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Գավառի Ազատության փողոցի թիվ 25 շենքի բնակարանի ննջարանում հրշեջ- փրկարարները հայտնաբերել են 77-ամյա Արաքսյա Դավթյանի դին:

Սվետա Դավթյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և դստեր հետ շուրջ մեկ տարի է` բնակություն է հաստատել Երևանում: «Հիմա մի հարբեցողի տանն ենք ապրում՝ օրավարձով: Այս տարվա մայիսին Էրեբունիում դուստրս վրաերթի ենթարկվեց, հիմա առողջության հետ կապված խնդիրներ ունի»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց նա:

Ըստ Սվետա Դավթյանի` տարիներ առաջ թալանել են իրենց` Գավառի բնակարանը, այդ իսկ պատճառով իրենք հայտնվել են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Նա պնդում է, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում. Գավառում իրենց սպառնացել են, մշտապես վիճաբանությունների մեջ են եղել հարևանների և ոստիկանների հետ, անգամ` տարիներ առաջ հարևան շենքի բնակիչներից մեկն իրեն ու դստերը ծեծի է ենթարկել:

Տիկին Սվետայի մի քույրը մահացել է նախորդ տարի՝ քաղցկեղից: «Քաղաքապետարանի միջոցով քրոջս թաղեցինք: Մեծ քույրս էր մնացել, մենք էինք նրան տեր կանգնում, բայց ոստիկանների ու մեզ ծեծած տղու երեսից փախել ենք Գավառից: Հիմա էլ քուրս անտեր-անտիրական մահացավ: Վախենում ենք վերադառնալ Գավառ՝ մեր գլուխն էլ ուտեն: Մի հատ տուն ունենք, դա էլ են ուզում ձեռներիցս առնեն: Ո՞վ է էս ամենի համար պատասխան տալու»,- ասաց նա:

Խնդրի կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանի հետ: Նրա ներկայությամբ են երեկ հայտնաբերել Արաքսյա Դավթյանի դին: «Ոստիկանները դիմեցին մեզ, որ մեր ներկայությամբ բնակարանի դուռը բացեն: Բնակարանը բարիկադավորված էր, դիֆտով դրսից փակված, ներսից էլ հսկայական աղբակույտ էր դեմ տված դռանը: Փրկարարները մեծ դժվարությամբ են դուռը կոտրել, աղբի վրայով անցել են, մտել, սենյակում գտել են դին: Նրանք դռան փական չեն ունեցել. դուրս գալիս էդ կինը քար ու մեշոկներ է շարել դռան դիմաց, որպեսզի ոչ ոք չկարողանա բացել բնակարանի դուռը, ներսից էլ աղբով է փակել»,- ասաց Գևորգյանը և հայտնեց, որ հնարավոր է` կինը 5 օր մահացած է եղել. դիակը նեխման փուլում է եղել:

Նախնական տեղեկություններով ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ հիշյալ բնակարանում հակասանիտարական ծայրահեղ վիճակ է ստեղծվել: «Հիմա եթե նորմալ գործող սանէպիդ կայան ունենայինք, մեզ կդիմեին, կասեին` էդ մարդկանց վտարեք էդտեղից»,- ասաց նա և հավելեց, որ այժմ քաղաքապետարանը կփորձի հարևանների միջամտությամբ աղբահանություն իրականացրել:

Ըստ Գևորգյանի՝ բնակարանում գոյացած աղբը դուրս բերելու համար իրենցից գրեթե մեկ շաբաթ կպահանջվի: «Ես չգիտեմ, թե քույրն ինչից է վախենում, նրանք բոմժի կարգավիճակ ունեցող քաղաքացիներ են եղել ստեղ: Եթե դուք գաք, տեսնեք` շենքն ինչ վիճակում է, կզարմանաք, թե ոնց են նրանց թողել էս շենքում ապրել, հակասանիտարական խայտառակ վիճակ էր»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Սվետա Դավթյանը մտահոգություն ունի, որ ցանկանում են տունը խլել իրենցից, Գևորգյանն արձագանքեց. «Տունն ո՞վ էր վերցնելու, սեփականության իրավունքի վկայականը ոչ ոք չի կարող իրենց ձեռքից վերցնել: Եթե վկայական չունեն, ուրեմն դա համայնքային սեփականության բնակարան է, մենք պետք է վերցնեինք, բայց մենք ընդհանրապես չենք փորձել նրանց ձեռքից վերցնել»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ քաղաքապետի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` կնոջ հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Արաքսյա Դավթյանի հուղարկավորությանը քույրը, հավանաբար, չի մասնակցի, նա շարունակում է պնդել, որ Գավառում իր ու դստեր կյանքին վտանգ է սպառնում: