կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 15:44
Հասարակություն

Մոսկվաբնակ գործարարը Բյուրական համայնքին շտապօգնության մեքենա է նվիրելու

Մոսկվաբնակ գործարարը Բյուրական համայնքին շտապօգնության մեքենա է նվիրելու

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին բնակիչ, արդեն շուրջ 20 տարի Մոսկվայում ապրող «Արմգրուպ» շինարարական ընկերության տնօրեն Տարիել Մարգարյանը հանդիպեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Գործարարը նախարարին ներկայացրեց այցի նպատակը, մասնավորապես նշեց, որ ցանկություն ունի շտապօգնության մեքենա նվիրաբերել Բյուրական համայնքին: Նախարարը կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը: Արմեն Մուրադյանն առաջարկեց քննարկել շտապօգնության մեքենայի` անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցնելու հնարավորությունը, և հանձնարարեց անձնակազմին դիտարկել հարցը գործնական տեսանկյունից:

Շտապօգնության մեքենայի գործունեությունն էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին` հնարավորություն ընձեռելով նաև այլ համայնքների բնակչությանն առաջնային բուժօգնություն ստանալ ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններում: 

Նշենք, որ օգոստոսի սկզբին մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նոր բժշկական ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: 

Ներկա պահին Բյուրականի ամբուլատորիան իր գործունեությունն է ծավալում անմխիթար պայմաններում գտնվող, 1950թ. կառուցված շենքում, որը մասնակի վերանորոգվել է 2000թ.: Ամբուլատորիայում աշխատում են ընտանեկան բժշկության վերապատրատում անցած 3 բժիշկ և 2 բուժքույր: Այն սպասարկում է Բյուրական համայնքի 5180 բնակչության` (Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերը): Շինարարությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում 2014թ. ընթացքում տնտեսված միջոցներով: Շինարարության ավարտը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի վերջին:

 

ՀՀ առողջապահության նախարարություն