Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արտակ Ասատրյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը` նշելով, որ այս այս պահին բավարար հստակությամբ ամրագրված չեն լիազոր ներկայացուցչի և նախարարության համապատասխան ստորաբաժանման շփումները, ինչի հետևանքով մի շարք խնդիրներ են առաջանում։
Փոխնախարարի պնդմամբ` եղածը միայն աղքատիկ կարգավորումներ է պարունակում։ «Ահա այս անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն` լիազոր ներկայացուցչի մասով, և նրան աջակցող գրասենյակ` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը օժանդակելու համար»,- ասաց փոխնախարարը` հավելելով նաև, որ օրենքով նախատեսում են հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացման, վճիռների կատարման, ՀՀ իրավական համակարգում եվրոպական չափանիշների ներդրման, նաև օրենքով նախատեսված մի շարք այլ լիազորությունների ուղղությամբ։
«Ներկայացված են լիազոր ներկայացուցչին ներկայացվող պահանջները, կարգավիճակը, գրասենյակի կարգավիճակը, ներկայացուցչին փոխարինելու ընթացակարգերը, շահերի բախման դեպքում ինչպես է դա լինելու և այն կարգավորումները, որ այսօր չէր կարգավորվում»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքան է այսօր կազմում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը, և դրանք ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ, փոխնախարարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ունենք ՀՀ-ի վերաբերյալ կայացված 111 գործով վճիռներ, որոնցից 107-ով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4-ի մասով որևէ խախտում չի արձանագրվել, նաև որոշակի չափով՝ թեև չնչին, բայց բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։ Այս պահին ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1, 360 000 եվրոյի չափով գումար։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ից պահանջվել է 21, 5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1, 360. 000 եվրո` ընդհանուր այս 111 գործերի կոնտեքստում եմ ասում»:
Անդրադառնալով ապագայում կայացվելիք վճիռներին` Ասատրյանն ընդգծեց, որ այս պահին նման թիվ հնչեցնել հնարավոր չէ, իրենք ընթացքում պարբերաբար հրապարակում են:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցին, թե կա՞ վիճակագրություն՝ դատավորի կայացրած վճիռները մի քանի հոգու վճիռնե՞ր են, որոնք ՀՀ-ին վնաս են հասցնում, և արդյոք նախատեսվո՞ւմ է հետագայում որոշակի պատասխանատվություն այդ կայացված որոշումների համար, Ասատրյանն արձագանքեց. «Մենք չունենք պատկեր, որ ՄԻԵԴ-ում կրկնվող դեպքեր լինեն և ասեն՝ տեսեք, կոնկրետ այս դատավորի վճիռները պարբերաբար հայտնվում են ՄԻԵԴ-ում և ընդդեմ ՀՀ-ի վճիռներ են դառնում։ Պետք է հասկանալ, որ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառը որոնք են եղել: Երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներ են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորը ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում և դրա արդյունքում քննարկել՝ արդյո՞ք կոպիտ դիտավորությունը կամ խախտումը կա, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն, ինչը պարբերաբար քննարկվում է և մեր հսկողության տակ է գտնվում»:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 61 կողմ, 20 դեմ և 16 ձեռնպահ ձայներով: