կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 12:10
Քաղաքական

Հայաստանը ուշադրությունը բևեռելու է նաև իրանական մեծ շուկային. նախարար

Հայաստանը ուշադրությունը բևեռելու է նաև իրանական մեծ շուկային. նախարար

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց նախարարության ոչ ֆինանսական ցուցանիշները և այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն նախարարության կողմից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց տվեց նախարարին` նշելով, որ երկիրը պետք է դարձնել մրցունակ, այսինքն` մրցունակ առաջարկ պետք է ներկայացնել այլ երկրների, արդյո՞ք կարող ենք դրան հասնել օտարերկրյա բարձր արտադրողական ներդրումների ճանապարհով:

«Ո՞ր երկրների տնտեսություններն են այս հարցում մեզ մրցակից, ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողը Հայաստանում ներդրում կատարի, այլ ոչ` Բելառուսում կամ Վրաստանում: Որո՞նք են այն երաշխիքները, որոնք կստիպեն ներդրողներին ներդրումներ անել հենց Հայաստանում: Տիգրան Սարգսյանի կառավարությունը առաջ քաշեց ծրագիր՝ փորձելով հայրենական տնտեսության մեջ այնպիսի կառուցվածքային տեղաշարժեր կատարել, որոնք հնարավորություն կտան դիմակայելու տնտեսական ճգնաժամին, և ձևավորվեց 11 ուղղություն, որոնք արտահանման լուրջ պոտենցիալ կարող էին ունենալ: Ցավոք, բացի խոսքերից, ոչինչ չի արվել: Այդ 11 ուղղությունների մեջ ո՞րն ենք մենք համարում գերակա, բացի ՏՏ ոլորտից: Եվ ինչո՞ւ ՓՄՁ ԶԱԿ-ը թափանցիկ չի գործում»,- հարցրեց պատգամավորը:

Սուրեն Կարայանը պատասխանեց, որ կառավարությունը հակված է ավելի ակտիվ միջոցառումներ իրականացնել տնտեսությունն աշխուժացնելու ուղղությամբ, բայց որքանո՞վ կհաջողի, ցույց կտա ժամանակը: Ըստ նախարարի` ներդրողի համար Հայաստանում կատարած ներդրումները պետք է լինեն տնտեսապես արդարացված:

«Պետք է լուրջ վերանայումներ անենք թե' ոլորտում, թե' օրենսդրության մեջ: ԵՏՄ անդամակցությունը պետք է բավական աշխուժություն առաջացնի, այնպես պետք է անել, որ ամբողջապես կարողանանք օգտվել այդ հնարավորությունից: Ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նաև ԵՄ անդամ երկրների հետ: Կարևոր է, որ արտահանումը լինի դիվերսիֆիկացված: Լուրջ աշխատանքներ ենք իրականացնելու, որ բարելավենք որակի ենթակառուցվածքները և օժանդակենք ներդրողներին»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ուշադրությունը բևեռելու են ինչպես ասիական շուկաներ մրցունակ ապրանք արտահանելու, այնպես էլ իրանական մեծ շուկա հայրենական ապրանք արտահանելու վրա:

Ինչ վերաբերում է ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությանը, նախարարը կարևորեց, որ դրա գործունեությունը լինի թափանցիկ, և որ այդ ուղղությամբ կանեն ամեն ինչ:

Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե ինչո՞ւ չկա վերլուծություն, թե որ ոլորտներում ենք հարևան Վրաստանից առաջ անցնում կամ հետ մնում: Սուրեն Կարայանն էլ պատասխանեց, որ նման վերլուծություններ կատարվել են, հիմա էլ են կատարվում և ապագայում կատարվելու են: