կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-25 15:23
Սպորտ

Բաքվի օլիմպիադայում Հայաստանի մասնակցության հարցը դեռևս պարզ չէ. Սմբատ Լպուտյան

Բաքվի օլիմպիադայում Հայաստանի մասնակցության հարցը դեռևս պարզ չէ. Սմբատ Լպուտյան

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց  Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականների ելույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

«Շախմատային բոլոր խոշոր մրցաշարերում մրցակցությունը շատ թեժ է լինում: Եվրոպայի թիմային առաջնությունը ևս բացառությւոն չէր:  Սկզբում մի փոքր վրիպում ունեցանք: Մի պահ տղաների մոտ լավ չէր ստացվում, բայց ինչպես այս տարվա աշխարհի առաջնությունում, այնպես էլ հիմա կարողացանք եզրափակիչ մասն անցկացնել գերազանց: Վերջին խաղերում զգացվում էր համախմբվածությունը, նպատակասլացությունը և պայքարի մեծ ցանկությունը, որը բերում է այդպիսի մեծ հաղթանակների: Ես սա համարում եմ մեծ հաղթանակ, քանի որ երբ այսպիսի մեծ մրցաշարերում Ռուսաստանը լինում է առաջատար, ապա դժվար է լինում նրանց հասնելը: Այս անգամ լավ մասնակցեցին և\' տղամարդիկ, և\' կանայք:

Վերջին 23 տարում, աշխարհի տարբեր մրցաշարերում միասին վերցված, մեդալային հաշվարկով առաջին տեղում Ռուսաստանն է (23 մեդալ` 14 ոսկե, 6 արծաթե, 5 բրոնզե), 2-րդը Հայաստանն է, որը վաստակել է 15 մեդալ`  5 ոսկե, 2 արծաթե, և 8 բրոնզե: 3-րդը Ուկրաինան է (13 մեդալ, 3 ոսկե 4 արծաթե, 6 բրոնզե): Այս 3 երկրները աշխարհի ուժեղագույններն են: Այնուհետև գալիս են Չինաստանն ու Հունգարիան:  Սա ես համարում եմ մեր շախմատի մեծ հաղթանակը: Մեր երկրի փոքրիկ հնարավորություններով մենք մեր հաստատուն տեղն ունենք աշխարհի ուժեղագույնների շարքում:

Կանանց հավաքականնն իր արդյունքով  Եվրոպայում 5-րդն: Զիջում են միայն Ռուսաստանին, Վրաստանին, Ուկրաինային և Լեհաստանին: Սա վկայում է այն մասին, որ  կանանց մեր հավաքականն այս ժամանակահատվածում նույնպես լավ ելույթներ է ունենում»,- ասաց ՀՇՖ փոխնախագահը:

Խոսելով հաջորդ տարի Բաքվում կայանալիք օլիմպիադայում Հայաստանի մասնակցության մասին` Լպուտյանն ասաց. «Հաջորդ տարի օլիմպիադան տեղի կունենա Բաքվում: Մեր մասնակցության հարցը դեռևս պարզ չէ: Ժամանակ ունենք քննարկելու,  բայց ամեն դեպքում` եթե մասնակցենք, մեզ համար շատ դժվար է լինելու»: