Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով բոլոր նախարարներին, դատելով տոնից, ոչ թե խնդրել-առաջարկել, այլ հրահանգել է, որպեսզի նրանք այլեւս երբեք չխուսափեն լրագրողների հետ հանդիպումներից, միշտ կառավարության շենքից դուրս գան կենտրոնական մուտքից, այլ ոչ թե այլ մուտքերից: Վարչապետ Աբրահամյանը շեշտել է. «Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել է բաց եւ թափանցիկ գործելաոճ: Հորդորում եմ բոլոր նախարարներին` ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել այս հարցում: Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե\' նախապես ծրագրված, թե\' առաջացող հնարավորությունները` առավել բաց հաղորդակցության համար»:
Բայց երբ վարչապետն այս մասին խոսելիս է եղել, վերջին շարքերում ոմանք աղմկել են, դե` միմյանց հետ ոչ շշուկով զրուցել են: Աբրահամյանն էլ, դիմելով վերջին շարքերին, ասել է. «Էդ վերջում քիչ խոսեք` ասացի: Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞, որ ձեզ մի անգամ ասում են»:
Թե կոնկրետ ովքե՞ր են եղել վերջում նստածները, պարզել չհաջողվեց, բայց, ամենայն հավանականությամբ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այդ շարքերում չի եղել, ավելին` նա ուշադրությամբ եւ լուռ լսել է վարչապետ Աբրահամյանին, հրահանգվել եւ անգամ, «Ես ավելին կարող եմ անել» սկզբունքով, ոչ միայն կառավարության գլխավոր շենքից դուրս է եկել կենտրոնական մուտքից, այլև որոշել է ոտքով հասնել նախարարության շենք: Ոտքով եւ միայնակ...
Հասկանալի է, որ գյուղանախարարը քաղաքում ավելի քիչ անվտանգության խնդիրներ կարող է ունենալ, քան ցանկացած գյուղում, այն էլ` խաղողի մթերման ժամանակահատվածում կամ կարտոֆիլ ունեցող գյուղացիների հետ հանդիպելիս, բայց այս պատմության մեջ նախարար Կարապետյանի` առանց թիկնազորի շրջելը չէ, որ ամենակարեւորն է:
Փաստորեն, գյուղատնտեսության նախարարն ամենալավն էր հասկացել Հովիկ Աբրահամյանին, քանի որ ոչ միայն կառավարության գլխավոր շենքի կենտրոնական մուտքից է դուրս եկել` պատասխանելով որոշ լրագրողների փոքրիկ հարցերին, այլեւ որոշել է ոտքով հասնել նախարարություն` մտածելով` գուցե ճանապարհին էլ հանրության ներկայացուցիչներ լինեն, որոնց առջեւ ինքը պարտավոր է ներկայացնել կոնկրետ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքը:
Չի բացառվում, որ նախարար Կարապետյանը, կառավարության գլխավոր շենքի կենտրոնական մուտքի մոտ լրագրողների փոքրիկ հարցերին պատասխանելով, հասկացել է, որ հանրության հետ շփումներից վախենալու բան չկա, եւ ահա որոշել է մեծացնել հանրության հետ շփումների հավանականությունն ու ժամանակը:
Հովիկ Աֆյան