կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-14 18:43
Քաղաքական

Դաշնակցությունը հավատում է ապակենտրոնացված ղեկավարմանը. ՀՅԴ-ն շարունակում է իր հանդիպումները

Դաշնակցությունը հավատում է ապակենտրոնացված ղեկավարմանը. ՀՅԴ-ն շարունակում է իր հանդիպումները

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եղան Կոտայքի մարզի Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանի և հրազդանցիների հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում:

Նախքան սահմանադրական փոփոխությունների քննարկմանն անցնելը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն անդրադարձավ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչություններին` իր ցավակցությունը հայտնելով Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակը: Աղվան Վարդանյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ Դաշնակցությունն ի սկզբանե համոզված կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, և արդեն քսան տարի հետևողականորեն պաշտպանել է այդ գիծը: «Ես այն մարդկանցից եմ, ովքեր տանել չեն կարողանում, երբ ոմանք խոսում են ամբողջ ժողովրդի անունից: Ես կփորձեմ իմ համոզումը փոխանցել ժողովրդին պարզ, հասկանալի ձևով: Ամենավատն այն է, որ որոշ մարդիկ փորձ են անում որոշել բոլորի փոխարեն` ասելով` «Մեկ է` մեզանից ոչինչ կախված չէ», «Մեկ է` իշխանությունները ինչ ուզենան կանեն»: Սա ամենավատ ծառայությունն է, որ կարող են անել մեր քաղաքացիներին, որովհետև քաղաքացին թևաթափ է լինում: Եվ եթե քաղաքացին չի գիտակցում իր քվեի արժեքը, հենց այդ ժամանակ իշխանությունը կարող է նրա կարծիքը հաշվի չառնել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա ներկայացրեց այն բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսվում են խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում. իշխանությունը ապակենտրոնացվում է՝ դառնալով ավելի հրապարակային, թափանցիկ, որոշումները կայացվում են ժողովրդի աչքի առաջ, ոչ թե մի քանի հոգու մեջ, հաճախ` ստվերում:

«Դաշնակցությունը հավատում է կոլեգիալ և ապակենտրոնացված ղեկավարմանը: Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի համար անթույլատրելի է մեծամասնական ընտրակարգը, ինչը էականորեն նվազեցնում է իշխանության` ԱԺ-ում մեծամասնություն ձևավորելու հնարավորությունը: Այսօրվա «ոչ» ասող քաղաքական ուժերը 10-15 տարի կռիվ են տվել, որ լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ Դաշնակցության հետևողական պայքարի արդյունքում հնարավոր դարձավ սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրել 100 տոկոս համամասնական ընտրակարգը:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ տասնամյակներ շարունակ Դաշնակցությունը անթույլատրելի է համարել քաղաքական դաշտի բաժանումը երկու թշնմական մասերի: Տարիներ շարունակ Դաշնակցությունը պայքարել է, որ ընդդիմությունը դերակատարում ունենա, այնպիսի գործուն լծակներ ունենա, որ կարողանա մասնակցել պետական, քաղաքական որոշումների մշակմանը:Եվ սահմանադրական փոփոխություններով ընդդիմությանը տրվում է այդ հնարավորությունը:

«Սա պետություն է, երկիր է, որտեղ ով է լինի ընդդիմություն, ով էլ լինի իշխանություն, կարողանան իրար հետ աշխատել, իրար լրացնեն, զսպեն, որ առաջ գնալու տեղ լինի, ոչ թե իրար հայհոյեն ու ատեն»,- ասաց Աղվան Վարդանյանը: Քննարկումներն ուղեկցվեցին հարց ու պատասխանի ձևաչափով: