կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-12-01 12:34
Հասարակություն

Այն համոզմունքն ունեմ, որ ապակենտրոնացված երրորդ համաժողովն ավարտվելու է լուրջ արդյունքներով. Լոքյան

Ֆրանս-հայկական ապակենտրոնացված  համագործակցության երրորդ համաժողովը, որն ընթանալու է  դեկտեմբերի 1-2-ը Երևանում,  համատեղ կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Ապակենտրոնացված համագործակցության ֆրանսիական ազգային հանձնաժողովը:

Տեղեկացնենք նաև, որ առաջին համաժողովի հաջողությունից հետո, ինչպես նախատեսվել էր, երկրորդ համաժողովը տեղի ունեցավ 2013 թվականի հոկտեմբերին Վալանսում, որն Իջևանի քույր քաղաքն է:

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ  Հայաստանի և Ֆրանսիայի  բարեկամական հարաբերությունների ամրապնդման ևս մեկ նախադրյալ են հենց այս ապակենտրոնացված համաժողովները:

Լոքյանը նշեց նաև, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն, և այս համաժողովների ստեղծած հարթակը պետք է առավելագույնս օգտագործվի՝  ամրապնդելու մեր երկու երկրների հարաբերությունները:

Համաժողովի մեկնարկին հաջորդեց մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին  տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանը,  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն,  Հայաստանի խմբի ներկայացուցիչ, Օ դը Սեն դեպարտամենտի փոխնախագահ  Իզաբել Կոլերին, Ֆրանսիայի խմբի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Դավիթ Լոքյանն իր խոսքում կարևորեց ապակենտրոնացված երրորդ համաժողովը և, ներկայացնելով համագործակցությունների հիմնական շրջանակները՝ տուրիզմը, գյուղատնտեսությունը, գյուղական համայնքների զարգացումը, մշակութային-կրթական հարաբերությունների խորացումը,  ֆրանկոֆոնիայի շրջանակներում  ֆրանսերենի ուսուցման ընդլայնումը Հայաստանում,  բերեց մի քանի օրինակ:

«Եթե նայենք այս ապակենտրոնացված համաժողովի օրակարգը և նպատակները, կտեսնենք, որ սա լուրջ հարթակ է, որտեղ  մենք կարող ենք լուրջ առաջընթաց գրանցել  իմ կողմից նշված յուրաքանչյուր ոլորտում: Կարևոր է, որ  վեց և ավելի տարիների համագործակցության արդյունքում մենք Հայաստանում ունենք շատ գեղեցիկ օրինակներ»,- ասաց նախարարը՝ շարունակելով խոսքը. «Բավական է  այցելել Տավուշի մարզ, և կտեսնենք  բարեկամ Ֆրանսիայի օժանդակությամբ կառուցված բարեկամության ջրանցքը ՝ շուրջ 14 կմ երկարությամբ, Լուսաձորում հրաշալի անասնաֆերման, որը  կարող է  լավագույն տոհմական ցեղեր մատակակարել մեր գյուղացիներին, կաթնամթերքի արտադրություն, տուրիզմի  համապատասխան   կենտրոնների ձևավորում Սյունիքում, Լոռիում  և այլ տարածքներում»:

Նախարարը խոսքով՝ բերված օրինակների մեջ ամենակարևորը փորձի փոխանցումն է: «Սա ամենակարևոր արժեքն է, և սրա կարիքը մեր համայնքները  և բոլորս ունենք: Ես  այն համոզմունքն ունեմ, որ  ապակենտրոնացված երրորդ համաժողովը  ավարտվելու է լուրջ արդյունքներով և առաջիկա տարիներին մենք խոր համագործակցության արդյունքներ ենք գրանցելու մեր երկրների միջև»,- եզրափակեց Լոքյանը: