Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռու՝ Սպիտակ Նեղոսի ափին, այսօր վթարի է ենթարկվել ռուսական արտադրության ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը, ինչի հետևանքով, ընդհանուր առմամբ, 41 մարդ է զոհվել, այդ թվում՝ նաև օդանավի ամբողջ անձնակազմը: ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է, որ անձնակազմի զոհված 6 անդամներից 5-ը, ըստ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ են: Քաղավիացիայի գլխավոր վարչությունն, իր հերթին, պարզաբանել է, որ վթարված օդանավը պատկանել է տաջիկական Asia Airways ընկերությանը, իսկ անձնակազմի անդամները ՀՀ ՔԱԳՎ կողմից արտոնագրված օդաչու-մասնագետներ չեն եղել:
Ինքնաթիռի վթարման և դրա հետ հայ օդաչուների կապի շուրջ տեղեկատվական նախնական հոսքերն այնքան հախուռն են, երբեմն՝ հակասական, որ դեռևս վաղ է կոնկրետ մեկնաբանություններ անել: Չնայած դրան` ողբերգությունը որոշակի տխուր մտորումների տեղիք է տալիս:
Ուշագրավ է, որ հայ օդաչուների մասնակցությամբ պատահարների մեծ մասը գրանցվում է աֆրիկական երկրներում: Այս ավիավթարն անմիջապես հիշեցրեց 2004-ին Հասարակածային Գվինեայում 6 հայ օդաչուների ձերբակալությունը, որոնք այդ խուլ երկրում ազատազրկման էին դատապարտվել՝ պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Հայ օդաչուներն այդ երկրում հայտնվել էին գերմանական ԿԱԼ ընկերության հետ աշխատանքային պայմանագրի շրջանակներում` Հասարակածային Գվինեայի մայրաքաղաքում` Մալաբոյում, կրկին ԱՆ-12 ինքնաթիռ վարելու նպատակով: Հիշեցնենք, որ 2005-ին միայն հաջողվեց օդաչուներին Հայաստան վերադարձնել` ռուսաստանաբնակ հայ գործարար Արա Աբրահամյանի գործուն միջամտության շնորհիվ: Ի դեպ, այդ ինքնաթիռը գրանցված էր Հայաստանում: Եվ զարմանալի չէր, որ Ջուբայում տեղի ունեցած ավիավթարից գրեթե անմիջապես հետո տեղեկատվություն տարածվեց, որ կործանված օդանավը հայաստանյան պատկանելություն ունի:
Թեև այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվեց ՔԱԳՎ-ի կողմից, սակայն դեռևս պարզ չէ` ի՞նչ գործ ունեին Տաջիկստանում գրանցված և Հարավային Սուդանում բեռնափոխադրումներ իրականացնող օդանավի հետ ՀՀ քաղաքացի հանդիսացող օդաչուները: Խնդիրն այն է, որ, ՔԱԳՎ մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանի հավաստիացմամբ, այդ մարդիկ օդաչուի հավաստագրերը Հայաստանում չեն ստացել: Սա, մեղմ ասած, տարօրինակ է: Որովհետև ստացվում է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք կա\'մ Հարավային Սուդանում տաջիկական ընկերության պատկանող օդանավի օդաչու էին աշխատում առանց լիցենզիայի, կա\'մ էլ այդ լիցենզիան ձեռք էին բերել Տաջիկստանում կամ որևէ այլ երկրում: Տեսականորեն նման բան, իհարկե, չի բացառվում: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Տաջիկստանին և Հր. Սուդանին, որոնց պարագայում նման աբսուրդային իրողություններն առավել քան հնարավոր են: Սակայն, անկեղծ ասած, սա այնքան էլ համոզիչ չի թվում, մանավանդ, երբ ՔԳԱՎ-ը զոհված օդաչուներին Հայաստանի կողմից մասնագիտական հավաստագրեր տրամադրած չլինելու մասին հայտարարությունն անում է մի իրավիճակում, երբ դեռ նոր է Տաջիկստանի քաղավիացիայի ծառայության հետ փորձում ճշտել նրանց ինքնությունն ու քաղաքացիությունը: Եթե ՔԱԳՎ-ում անգամ չգիտեին՝ ում մասին է խոսքը, նրանք ազգությամբ հայ են, թե՝ ոչ, Հայաստանի քաղաքացի են, թե՝ ոչ, ինչի՞ց եզրակացրին, որ այդ մարդիկ, ցանկացած դեպքում, հայաստանյան լիցենզիա չունեն: Իսկ իրականությունը, ողբերգական լինելուց բացի, նաև կարող է դաժան լինել և ուղղակի կապ ունենալ հայաստանյան քաղավիացիայում ստեղծված ողբալի իրադրության հետ:
Տարիներ շարունակ ազգային ավիափոխադրումների ողջ համակարգը հետևողականորեն փլուզվեց: Նախ՝ «Արմավիա», ապա՝ նաև «Էյր Արմենիա» ազգային ավիաընկերությունների սնանկացումը և դաշտից արհեստականորեն դուրս նետումը հանգեցրեց նրան, որ բավականին բարձր որակավորում ունեցող բազմաթիվ հայ օդաչուներ սեփական երկրում դարձան գործազուրկ: Եվ քանի որ սեփական պետությունը որոշեց նրանց ուղղակի «փողոց նետել», նրանցից շատերը ստիպված եղան աշխատանք գտնելու համար ձեռքերը գցել փրփուրներին և ոչ միայն հայտնվել, օրինակ, հետամնաց աֆրիկյան երկրներում գործունեություն ծավալող տաջիկական ինչ-որ անհասկանալի ավիաընկերությունում, այլև աշխատել վաղուց արդեն շահագործումից հանման ենթակա օդանավերում: Բավական է միայն նշել, որ Ջուբայում կործանված ինքնաթիռ, ըստ որոշ տվյալների, շահագործվում էր արդեն 45 տարի:
Այնպես որ՝ որքան էլ ՔԱԳՎ-ն փորձի նման ձևերով պատասխանատվությունը հեռացնել իրենից, տեղի ունեցածի արմատները, միևնույն է, Հայաստանում են և Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականության հետևանքների մեջ:
Գևորգ Աղաբաբյան