Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 16:58
Մշակույթ

Օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կսկսվի պրեմիերայով

Օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կսկսվի պրեմիերայով

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ամփոփեց թատրոնի 82-րդ թատերաշրջանը` ներկայացնելով նաև գալիք թատերաշրջանում սպասվող անելիքները:

Արզումանյանը նշեց, որ նախագծերը 80-90 տոկոսով հասցրել են իրականացնել: Ցավոք, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն անժամանակ հեռացավ կյանքից, և մի շարք ծրագրեր, ըստ թատրոնի տնօրենի, մնացին անկատար: Սակայն, Արզումանյանի հավաստմամբ, իրենք փորձում են կամաց-կամաց կյանքի կոչել Գրիգորյանի բոլոր պլանները:

Նա նշեց նաև, որ աշխատանքային մի շարք բարդություններ են եղել Գեղամ Գրիգորյանի մահից հետո, որոնք հիմա արդեն շտկվում են` գեղարվեստական նոր ղեկավարի` Կոնստանտին Օրբելյանի հետ համագործակցությամբ:

«Իմանալով Օրբելյանի զբաղվածությունը դրսում` հասկանալի է, որ նա ամեն օր չի լինելու թատրոնում, սակայն 2017-ից նա ավելի հաճախ կլինի թատրոնում: Մինչ այդ` սեպտեմբերին, մենք մի փոքր ատեստացիա կանցկացնենք, և հնարավոր է` մեր նվագախումբը մի փոքր ընդլայնի իր կազմը: Օրբելյանին, ի դեպ, թատրոնի ներսում սիրով են ընդունել. բոլորն էլ հասկանում են նրա մեծությունը»,- ասաց Արզումանյանը:

Խոսելով գալիք ծրագրերի մասին` նա տեղեկացրեց, որ աշնանը պատրաստ կլինի «Դիմակահանդեսը», ինչպես նաև «Սասունցի Դավիթ» օպերան:  «Սասունցի Դավիթ»-ի վրա արդեն մեծ աշխատանք է տարվել, և ներկայացման պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` Շուշիում: Շուշիում կներկայացվի մի փոքր փոփոխված տարբերակով, քանի որ ներկայացումը բեմադրել ենք` հաշվի առնելով մեր բեմի հնարավորությունները: Նախագծի հեղինակը, ի դեպ, Սարինե Ավթանդիլյանն է: Սեպտեմբերի 7-8-ին հենց այդ ներկայացմամբ էլ կբացվի օպերային թատրոնի 83-րդ թատերաշրջանը»,- հայտնեց թատրոնի տնօրենը:

Ըստ նրա` եթե ամեն տարի կարողանան 4 պրեմիերա ունենալ, տարին կարող են հաջողված համարել:

Հարցին, թե ի՞նչ կուզի թատրոնի համար, Արզումանյանը պատասխանեց` հանգստություն: «Ուզում եմ` թողնեն հանգիստ աշխատենք: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ օպերային թատրոնն առանձին մոլորակ է, քանի որ, աշխարհն իր դարդերով թողած, չեղած տեղից աղմուկ են բարձրացնում թատրոնի շուրջ»,- ասաց նա:

Արզումանյանը նշեց նաև, որ ինչպես մյուս թատրոններում, իրենք էլ հանդիսատեսի խնդիր ունեն. հանդիսատեսը տարեցտարի պակասում է, բայց թատրոնը ոչ թե հուսահատվում է, այլ ելքեր է փնտրում: «Մենք սկսել են համագործակցել մի շարք երիտասարդական կառույցների հետ: Բացի այդ` մտածում ենք խաղացանկը պետք է միշտ թարմացնել, որպեսզի հանդիսատեսը չհոգնի»,- ասաց նա: 

Տնօրենը նշեց նաև, որ բնական է` բոլորին չեն կարող աշխատանքի ընդունել, բայց թատրոնը պատրաստ է աշխատել նաև մեր` դրսում ապրող ստեղծագործողների հետ: «Անպայման աշխատելու ենք թե\' Հասմիկ Պապյանի, թե\' Բարսեղ Թումանյանի հետ: Ունենք-չունենք` մի Հայաստան ունենք, պետք է մեր տաղանդների հետ համագործակցենք»,- ասաց Արզումանյանը: