կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 11:18
Մշակույթ

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Դեկամերոն»-ով

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Դեկամերոն»-ով

Կորոնավիրուսի համաճարակային պայմանների թելադրանքով՝ Մայր թատրոնն իր թատերաշրջանը կսկսի անսովոր պայմաններում՝ բացօթյա ու սակավ հանդիսատեսով։

Սեպտեմբերի 25-ին իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործության բեմականացման առաջնախաղով կբացվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը։

Ի դեպ, վարկածի եւ բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է, որը Բոկաչչոյի գլուխգործոցը հանդիսատեսի դատին կհանձնի յուրատիպ եւ ժամանակակից լուծումներով։ 

«Դեկամերոն»-ի նովելները պատմվում են ինքնատիպ իրադրության մեջ։ Պատմությունը սկսվում է չորեքշաբթի առավոտյան, իրադարձությունները ձգվում են 10 օր, և ամեն օր պատմվում է 10 պատմություն։ Ամբողջ իրադարձությունը տևում է 2 շաբաթ, և գործողության ավարտից հետո՝ կրկին չորեքշաբթի, երիտասարդները վերադառնում են Ֆլորենցիա։ «Դեկամերոն» ժողովածուի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են։

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները՝ Մարիամ Դավթյան, Ռուզաննա Հախնազարյան, Արաքսյա Մելիքյան, Լիլի Էլբակյան, Մարիամ Շահինյան, Ծովինար Մարտիրոսյան, Սաթենիկ Գասպարյան, Գայանե Մողրովյան։