Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքում ընտիր ու արտակարգ են տրամադրված սահմանադրական բարեփոխումներին. այսօր լրագրողներին իր տեսակետը հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրի Խաչատրյանը: «Ժողովրդից հարցրեք, թե ոնց են տրամադրված: Սյունիքում ընտիր, արտակարգ են տրամադրված: Սյունեցիները կողմ են սահմանադրական բարեփոխումներին: Սահմանադրական բարեփոխումների մի կետը հերիք է, որ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին ՝ էն, որ ժողովրդի կողմից նախագահական ընտրություններ չեն լինելու: Բոլոր ընտրությունները, 96 թվականից սկսած, տեսել ենք, թե ինչի են վերածվում: Վերածվում են ազգամիջյան պատերազմի: Այ հենց ժողովուրդը կողմ է նրան, որ այդ ընտրությունները չեն լինելու»,- ասաց նա:
Մարզպետը հայտարարեց նաև, որ, բացի լրագրողներից, որևէ մեկը չի կեղծում ընտրությունները:
Հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է քարոզչությանը, պատասխանեց, որ անպայման մասնակցելու է և ամենբարձր ցուցանիշներն է գրանցելու:
Հարցին՝ Ձեր անձի շնորհի՞վ է դա ապահովվելու, մարզպետը պատասխանեց ՝ նաև:
Իսկ քանի՞ տոկոս ձայն է ապահովելու և քանի՞ տոկոս ձայն են նրանից պահանջել: Այս հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ որևէ մեկը նման հանձնարարություն չի տվել, ես ինքս եմ որոշում»:
Հարցին, թե իսկապես գլխացավա՞նք են դարձել առաջիկա ընտրությունները, նա պատասխանեց, որ իր համար շուրջ քսանհինգ տարի է՝ գլխացավանք են միայն լրագրողները: Խաչատրյանը կրկին շեշտեց, որ ինքն «այո»-ի ամենաբարձր տոկոսն է ապահովելու, իսկ թե ինչպե՞ս է դա հաջողելու, կեղծիքների միջոցո՞վ, պատասխանեց. «Բոլորդ էլ ականատես եք եղել, որ Սյունիքում ընտրակեղծիքներ չեն եղել: Ոչ մի ընտրությունում ընտրակեղծիք չի լինում: Անցած տարի հունիսի 20-ին մի հատ կեղծիք տեսա՞ք»:
Դիտարկմանը` եթե ոչ կեղծիքների, ապա ինչի՞ շնորհիվ է հաջողվում ձայներ ապահովել, Խաչատրյանն արձագանքեց. «Ժողովրդի հետ անկեղծ ենք լինում, փոխադարձ հարգանքն ու վստահությունը կա»:
Մարզպետի բնորոշմամբ` «այո»-ն շատ բան է փոխելու: «Մենք մի հատ էլ էս ռեժիմից կփոխվենք: Ինչ արվում է, առաջին հերթին երիտասարդների համար է արվում: Գոնե դուք գոհ եղեք: Գոնե որ մի անգամ կարդաք ծերից ծեր, կհասկանաք, որ ավելի շատ ձեզ համար է: Ռեժիմի փոփոխություն է, չ՞է, կատարվում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինքը մշտապես մնում է, Խաչատրյանը պատասխանեց. «Չմտահոգվեք, որովհետև ես միշտ մնալու եմ»: Ապա հավելեց. «Իշխանափոխություն միշտ էլ լինելու է, հո միշտ նույն իշխանները չե՞ն լինելու: ՀՀԿ-ն ա հզոր, ինքն ա շարունակում: Կոմունիստներից հզոր ռեժիմ կա՞ր, բայց փոխվեցին, չէ՞: Հո հավերժ բան չի լինելու: Մի քսան տարի առաջ ամենահզոր կուսակցությունը ՀՀՇ-ն էր, չէ՞, բայց հո ամեն ինչ հավերժ չէ»:
Մարզպետը նշեց, որ եթե պատրաստ չլինի կառավարմանը, կհեռանա: «Երկարակեցության գաղտնիքը նորմալ աշխատելն է: Պետք է լինես այնպիսին, որ փոխադարձ վստահություն լինի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վախի մթնոլորտ է տիրում Սյունիքում, Խաչատրյանը արձագանքեց. «Բա դու խի՞ չես վախենում»: Մարզպետը հորդորեց նաև Սյունիքի պատմությանը ծանոթանալ և համոզվել, որ Սյունիքում վախկոտներ չկան: