Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր եկել էր կառավարություն` հանդիպելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Խաչատրյանը, պատասխանելով մի քանի լրատվամիջոցների հարցերին, հայտարարեց, որ իր որդին որևէ հոգեկան խնդիր չունի:
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է իր որդին տարկետում վերցրել և հետաձգել զինվորական ծառայությունը, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի: Ուրեմն, տարկետման իրավունքը հիմնականում նրա համար է, որ Տիգրանը բռնվելուց ցնցումների մեջ է եղել, այն ժամանակ, երբ երեք ամիս ձերբակալված էր: Դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր և չէին կարող զորակոչել: Ավարտվի դատաքննությունը, էս քննությունն էլ գնա, ընթացքի մասին բոլորիս էլ հայտնի կլինի»:
Պատասխանելով հարցին, թե ինչու միայն երկու ամիս անց որոշում կայացվեց ձերբակալել Ձեր որդուն, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ մեկ էլ չի կարող հասկանալ, որովհետև այդ ձերբակալումը, որ անկեղծ ասեմ, անօրինական էր, ճիշտ չէր, որովհետև իսկապես ինքը տեղակ չէր: Ամեն դեպքում, ես խնդիր էլ չեմ տեսնում, քննությունը կգնա, իր արդար ճանապարհով և լուծումը կստանա»:
Դիտարկմանը, թե այս անգամ իրավապահ մարմիններն ասես չկանգնեցին իր թիկունքին, Խաչատրյանը պատասխանեց.
«Իրավապահները միշտ էլ իրենց գործն են անում: Չեմ կարծում, որ իրավապահները սրա կամ նրա թիկունքին պետք է կանգնեն, իրավապահ մարմիններն իրենց գործն են անում: Թիկունքին կանգնելու խնդիրը ես բացառում եմ, որովհետև տենց բան չկա»:
Հարցին, թե ա՞յդ թեմայով էր արդյոք եկել խոսելու Հովիկ Աբրահամյանի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ, այլ մարզում հրդեհներ են և բավականին մեծ վնասներ կան.
«Հիմա խոսեցինք, որ հանձնաժողովի միջոցով այդ հարցը լուծվի»:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հրաժարական տաք, Խաչատրյանը պատասխանեց.
«Ոչ, չեմ ուրախացնի ձեզ»: