կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 19:13
Հասարակություն

Իրանական փորձն իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ է. Հովիկ Աբրահամյան

 Իրանական փորձն իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ է. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ այսօր մասնակցել է Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմությունը և սերտ մշակութային կապերը, որոնք գալիս են դարերի խորքից և դեռևս շարունակվելու են դարեր:

«Մարդկության հնագույն բնօրրաններից մեկում ձևավորված և իրենց հարուստ պատմությունը կերտած հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն աշխարհին են ավանդել բարձրարժեք մշակութային ժառանգություն՝ հավերժական արժեքներով հարստացնելով համաշխարհային գանձարանը՝ լինի դա գրականության, երաժշտարվեստի, թատերարվեստի, ճարտարապետության, թե այլ բնագավառներում:


Մշակութային ժառանգության, հիրավի, լավագույն օրինակ է երկուսուկես դար առաջ Երևանում կառուցված «Կապույտ» մզկիթը: Այս հիասքանչ կոթողը, իրապես, տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, որով հիացել և իրենց ստեղծագործություններում անդրադարձել են մեր մեծերից Ռոմանոս Մելիքյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, ինչպես նաև մեծն Ֆիրդուսիի ծննդյան 1000-ամյակի առթիվ իրանական գրականության «մարգարիտ» «Շահնամե», «Ռոստամ և Զոհրապ» ստեղծագործությունների հայերեն թարգմանության հրատարակումը նախաձեռնող Եղիշե Չարենցը և շատ ու շատ այլ հայ երախտավորներ», - ասել է վարչապետը:


Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդներին բնորոշ հանդուրժողականությամբ պայմանավորված՝ մշտապես առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվել պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները:

 

«1990-ականներին սկսվեցին «Կապույտ» մզկիթի վերականգնման և վերանորոգման համատեղ աշխատանքները: Այժմ երկուստեք միջոցառումներ են ձեռնարկվում «Կապույտ» մզկիթը Հայաստանի Հանրապետության կողմից  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Միաժամանակ կցանկանայի իրանական կողմին շնորհակալություն հայտնել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների և այդ հարստության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ինչի արդյունքում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով Սբ. Թադեոսի, Սբ. Ստեփանոս վանական համալիրներն այլևս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հարկ եմ համարում շեշտել, որ մենք բոլոր պատեհ առիթներով հիշատակում ենք իրանական փորձը՝ որպես իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ», - ասել է կառավարության ղեկավարը:

Ընդգծելով, որ ողջ պատմության ընթացքում հայ և իրանցի ժողովուրդները փոխադարձաբար հարստացրել են երկու երկրների մշակույթները՝ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել երկու երկրների և ժողովուրդների պատմության, մշակույթի և ավանդույթների ճանաչողության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, և Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումը դրա ևս մեկ վառ վկայությունն է: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հոգևոր և մշակութային հրաշակերտ այս կոթողը կշարունակի մնալ որպես երկու ժողովուրդների մշակութային կապերի առհավատչյան և բարեկամության գրավական:

Երևանի «Կապույտ» մզկիթը հիմնադրվել է 1764-1765 թվականներին: Իրանի Թավրիզ քաղաքի «Կապույտ» մզկիթին նմանվելու և նաև կապույտ սալիկներով պատած գմբեթի պատճառով մզկիթը կոչվել է Կապույտ: Այն արտացոլում է պատմության ընթացքում հայերի և իրանցիների խաղաղ համակեցությունը և հանդիսանում Հայաստանի ու Իրանի  ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

«Կապույտ» մզկիթից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան: Իրանի իր գործընկերոջը ճանապարհել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: