կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 09:36
Առանց Կատեգորիա

Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման մասով Հայաստանը մեծ անելիքներ ունի․ «Փաստ»

Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման մասով Հայաստանը մեծ անելիքներ ունի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է Արցախում, որի արդյունքում իր անջնջելի հետքն է թողել այդ երկրամասում։ Եվ մեր բազմադարյա մշակութային կոթողների և արժեքների առկայությունը առանձնակի կարևորություն ունի Արցախում հայության գոյապահպանության հարցը միջազգային հանրությանը ներկայացնելու և Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականությունն ի ցույց դնելու համար։ Հարկ է, որ մեր մշակութային ժառանգության՝ հատկապես հայկական եկեղեցիների հարցը պարբերաբար տարբեր միջազգային հարթակներում բարձրացվի։

Ու այս թեման պետք է անընդհատ արծարծվի՝ ռուս խաղաղապահների ուշադրությունը մեր մշակութային ժառանգության վրա հրավիրելուց սկսած, վերջացրած տարբեր երկրների ու քրիստոնեական կառույցների հետ համագործակցության հատուկ օրակարգ ձևավորելով։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ինչ-որ ձևով ջնջի Արցախում հայության կենսագործունեության հետքերը։ Այդպես եղել է միշտ, իսկ 44 օր տևած պատերազմի ընթացքում մենք տեսանք, թե ադրբեջանական զինված ուժերը և Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ գրոհայիններն ինչպիսի վայրագ վերաբերմունք են դրսևորում մեր մշակութային արժեքների նկատմամբ։ Նրանց կողմից դրսևորված վանդալիզմը ուղղակի համեմատելի էր միայն Իսլամական պետություն կոչված ահաբեկչական կազմավորման գործելակերպի հետ, երբ նրանց ձեռքով Սիրիայում և Իրաքում ոչնչացվեցին համամարդկային և քաղաքակրթական նշանակություն ունեցող պատմամշակութային արժեքավոր կոթողներ։

Հենց այդ կերպ էլ Ադրբեջանի կողմից ռմբակոծվեց և պղծվեց Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Եվ այդ է պատճառը, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովը, դատապարտում են Ադրբեջանի գործողությունները։Իսկ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանական կողմի գործողությունները համարում է ռազմական հանցագործություններ։ Միջազգային աղմուկից հեռու մնալու համար այս անգամ արդեն Ադրբեջանն անցել է մեկ այլ գործելակերպի, այն է՝ ցույց տալ, որ Արցախում առկա պատմամշակութային կոթողները ոչ թե հայերինն են, այլ իբր հնագույն աղվաններինը։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ներկայացնել, թե Դադիվանքը պատկանում է աղվաններից սերող քրիստոնյա ուդիներին։

Դրա համար էլ ուդիների ներկայացուցիչներին հրավիրում են վանք և քարոզչական ռեպորտաժներ են նկարահանում նրանց մասին։ Միևնույն ժամանակ, ենթակառուցվածքներ ստեղծելու հետ մեկտեղ, Արցախից բռնազավթած տարածքներում Ադրբեջանը փորձում է նոր մշակութային օջախներ ստեղծել՝ ցույց տալու և միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար, թե իրենք այդ տարածքում լուրջ հետքեր են թողել։ Դրա համար էլ ադրբեջանական կողմը զարգացնում է այն թեզը, թե իբր իրենց մշակութային արժեքները ոչնչացվել են, և հիմա կարիք կա դրանք վերականգնելու։ Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանը որոշել է Շուշին հռչակել համաթուրքական մշակութային մայրաքաղաք։

Իսկ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է «Գորշ գայլերի» նեոֆաշիստական, ծայրահեղական գաղափարներով, մտադիր է Շուշիում դպրոց բացել, որի բացման արարողությանն էլ նախատեսվում է, որ պետք է ներկա գտնվեն այդ կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին և Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ադրբեջանը, Թուրքիայի «մշակութային» փորձը ներկրելու հետ մեկտեղ, փորձում է աշխատել նաև այլ երկրների ուղղությամբ։ Եվ այս նպատակի համար նույնիսկ հսկայական ռեսուրսներ են ներդրվում։

Հատկանշական է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու համար անգամ հրավեր է հղել անգամ Վատիկանին։ Այնպես որ, հաշվի առնելով Ադրբեջանի ակտիվությունը՝ Արցախում մեր պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման մասով Հայաստանը մեծ անելիքներ ունի, և հարկ է, որ այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթ նշանակություն ձեռք բերի»։

 Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում