Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ առաջ Երևանի Ղռեր կոչվող թաղում պատահական անցորդներն անգամ գիտեին, թե որտեղ է բնակվում «խորհրդավոր արտաքինով» ծերունին: Այն ժամանակ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս և լրագրողների հետ «լեզու գտնում»: Հետո էր, որ պետք է դառնար ասուլիսների պահանջված բանախոսն ու կայքերի՝ ամենաշատ ընթերցվող նյութերի համար թեմաներ տվողը: Նրա հետ կարելի էր անվերջ խոսել կամ վիճել «խորհրդավոր» թեմաների մասին, բայց` զգույշ, որովհետև կյանքի փորձ ունեցող ծերունին հաճախ էր նեղանում:
Ոմանց հիշողություններում նա կմնա որպես գրող, իսկ ոմանց համար էլ պարզապես գողակաների մասին պատմող «մորուքով մարդ»:
Գրող, քրեական կենսագիր Սերգեյ Գալոյանը կյանքից հեռացավ ամիսներ առաջ՝ 66 տարեկան հասակում: Նա հանրությանն առավել հայտնի է քրեական աշխարհին վերաբերող ուսումնասիրություններով: Գալոյանը ժամանակին զբաղվել է լրագրողական գործունեությամբ, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռադիոյում, «02» շաբաթաթերթում, «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում: Սերգեյ Գալոյանը լրագրողական դաշտում ստացավ քրեագետ անունը, թեև ինքը երբեք իրեն քրեագետ չի համարել:
Գալոյանը հեղինակել է 28 գիրք, որոնցից 17-ը վերաբերում են քրեական աշխարհին: Նրա վերջին՝ «Հանցագործներ և հանցագործություններ» գիրքը դեռևս վաճառքի չի հանվել:
Գալոյանը ժամանակակից գրողներին չէր սիրում, երբեք էլ Գրողների միության անդամ չդարձավ: Փոխարենը հպարտանում էր, որ ժամանակին պատիվ է ունեցել շփվելու այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Գևորգ Էմինը, Վարդգես Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Պարույր Սևակը…
«Նա այն երջանիկ մարդկանցից էր, որ նման մեծերի հետ կարողացել է քայլել… Ֆրունզիկ Մկրտչյան, Ժիրայր Անանյան… Միայն այն, որ Գալոյանի որդու անունը կնքել է հենց ինքը՝ Պարույր Սևակը, բավական է, որ նա իրեն հպարտ զգար»,- մեզ հետ զրույցում պատմեց Գալոյանի դստեր ամուսինը՝ Մհեր Մարգարյանը:
Գալոյանը քրեական աշխարհի վերաբերյալ ուսումնասիրություններով սկսել է զբաղվել օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանի՝ Սվո Ռաֆի հուղարկավորությունից հետո, որի մանրամասները հետագայում նկարագրել է համանուն գրքում: Շատերի վկայությամբ՝ Գալոյանն անձնապես շփում է ունեցել քրեական աշխարհի ներկայցուցիչների, անգամ` «օրենքով» գողերի հետ, թեև նրանց մասին պատմությունները ոչ բոլոր դեպքերում են բացարձակ ճշմարտություն եղել:
Գրողի մտերիմները պատմում են` Գալոյանը չէր թողնում իրեն պատիվ տային, նաև չէր սիրում որևէ մեկին պարտք մնալ: Կյանքի վերջին օրերին նրան հանգիստ չի տվել այն միտքը, որ որոշակի գումար պարտք է մնացել համակարգչի մուտքագրող (շարող) մի աղջկա: Իտալիայից վերադառնալուց հետո Գալոյանը գրել էր էջմիածինցի հայտնի հեղինակություն, ներկայումս Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին գիրքը: Գալոյանի կնոջ՝ Անահիտ Թովմասյանի խոսքով՝ ամուսինը մոտ 180 էջանոց գիրքը շարել է տվել մի աղջկա, ում անունը և հասցեն հիվանդության պատճառով մոռացել էր: «Գումարի մի մասը վճարել էր, մնում էր 25 հազար դրամ վճարեր և նյութերը վերցներ: Հիվանդությունը շատ հանկարծակի եղավ, երբևէ որևէ խնդրից չէր գանգատվել, 20 օրվա մեջ առողջականը վատացավ: Այդ ընթացքում մի քանի շարողների զանգահարել է ՝ ճշտելու համար, այդպես էլ չգտավ»,- մեզ հետ զրույցում պատմեց կինը և հավելեց, որ ամուսնու մահից հետո իրենք էլ են մի քանիսի զանգահարել, սակայն այդպես էլ Գալոյանի նկարագրած աղջկան չեն գտել:
Գալոյանը դեռ շատ անավարտ գործեր ուներ: Նա չհասցրեց տպագրել, օրինակ, «օրենքով» գողերի կնքահայր Դեդ Հասանի մասին պատմող գիրքը: Ասում են՝ եզդիական համայնքը սկզբում խոստացել էր հովանավորել գրքի տպագրումը, իսկ հետո անհասկանալի պատճառներով հրաժարվել: Գալոյանն ավարտին չի հասցրել նաև մի շարք պաշտոնատար անձանց տներ թալանած և 2011-ի սեպտեմբերին վնասազերծված բանդայի մասին պատմող գիրքը:
Yerkir.am-ի տեսանյութում Գալոյանի մտերիմները պատմում են գրողին մեծ ճանաչում բերած «Սվո Ռաֆ» գրքի, Գալոյանի և Դեդ Հասանի հանդիպումների, նրա և ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մտերմության մասին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ