կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 17:33
Առանց Կատեգորիա

Հայաստանը` ռուս-թուրքական լարման առանցքում

Հայաստանը` ռուս-թուրքական լարման առանցքում

Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս անկումն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին: Որքան էլ աբսուրդային թվա, անկախ զարգացումներից` Հայաստանին ձեռնտու չէ ո\'չ ռուս-թուրքական առճակատման խորացումը, ո\'չ էլ ջերմացումը:

Առճակատման խորացումը հանգեցնելու է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման, ինչը, բացի այն, որ առհասարակ հղի է համաշխարհային փխրուն կայունությանը վերջ դնելու հեռանկարով, նաև կարող է հանգեցնել ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս քվոյի փոփոխության փորձերի, ընդ որում` ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի շահագրգռությամբ: Թուրքիան, մասնավորապես, կարող է դրդել Ադրբեջանին` մեծացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանագծին` ընդհուպ լոկալ պատերազմների մակարդակի` փորձելով Ռուսաստանի համար ստեղծել Ուկրաինայից, Սիրիայից հետո արդեն երրորդ ճգնաժամային գոտին:

Պետք է նշել, որ Ադրբեջանին սա ինչ-որ տեղ նույնիսկ ձեռնտու է` հաշվի առնելով ոչ միայն ստատուս քվոն փոխելու` ընձեռվող հնարավորությունը, այլ նաև հանգամանքը, որ որքան խորանում է ռուս-թուրքական առճակատումը, այնքան մեծանում է ռուսական գազից Անկարայի հրաժարվելու և հայացքով դեպի Ապշերոնյան թերակղզու նավթագազային ռեսուրսները շրջվելու հեռանկարը: Այդ առճակատումը մեծացնում է նաև Մոսկվայի հետ շահավետ գործարքների գնալու` Բաքվի հնարավորությունը:

Ռուսաստանն, իր հերթին, կարող է շահագրգռված լինել Հարավային Կովկասը սիրիական ռազմարշավի սպասարկման կոմունիկացիոն միջանցք դարձնելու հարցում: Օրեր առաջ Ադրբեջան այցելեց Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Այցը տեղի ունեցավ այն տեղեկատվության ֆոնին, թե ռուսական կործանիչները հենց Ադրբեջանի օդային տարածքով են հասել Սիրիա: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այցի նպատակներից մեկը եղել է Բաքվի օգնությամբ այդ միջանցքը փակելուն հասնելը:

Դրան ի պատասխան, Ռուսաստանը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ռազմական օբյեկտներին հարվածներ հասցրեց Կասպից ծովի իր հրթիռակիր նավատորմից արձակված թևավոր հրթիռներով` փորձելով հասկացնել, որ նման սահմանափակումներն անիմաստ են: Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում»-ում տեսակետ է հնչեցրել, թե չի բացառվում, որ Սիրիայում իր գործողություններն արդյունավետ շարունակելու համար Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելու անհրաժեշտությունն ունենա: Դժվար է ասել` որքանով է Տարասովն արտահայտում Մոսկվայի ցանկությունը: Բայց եթե Մոսկվայում նման հեռանկար տեսնում են, ապա դա չի կարող այլ բան նշանակել, քան առնվազն ռազմական ավիացիայի մասով ԼՂ-ում ռուսական ներկայության ապահովման նախատեսում: Քայլ, որը Բաքվի, Անկարայի և Վաշինգտոնի թիկունքում անելիս կարող է Հարավային Կովկասը վերածել ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ ռուս-արևմտյան առճակատման նոր թատերաբեմի:

Մինչդեռ Հարավային Կովկասը սիրիական օպերացիան սպասարկող հենակետ դարձնելու համար նման արկածախնդրության գնալու կարիք Ռուսաստանը չունի: Նրան փաստացի ոչինչ չի խանգարում ցանկության դեպքում Ստեփանակերտի օդանավակայանի փոխարեն օգտագործել Երևանի «Էրեբունի» ավիացիոն բազան, որը, ինչպես հայտնի է, 2013թ. հանձնվեց Հայաստանում ռուսական ռազմաբազային: Այսինքն` փոքր չէ հավանականությունը, որ Հայաստանը միջնորդավորված կերպով դառնա սիրիական հակամարտության ակամա մասնակից: Դա գուցե որոշակիորեն բարձրացներ Հայաստանի քաղաքական կշիռը, եթե տեղի ունենար ամերիկյան հակաահաբեկչական կոալիցիայի հետ Ռուսաստանի համագործակցության, ոչ թե դիմակայության ներքո:

Չնայած այս ամենին` շատ ավելի հավանական է թվում, որ ռուս-թուրքական հարաբերություններն սկսեն բարելավվել: Հատկապես` ԱՄՆ-ից համապատասխան օժանդակություն չստանալու պարագայում և Սիրիայի կառավարական զորքերի հակահարձակման հաջող ընթացքի դեպքում Անկարան, վաղ, թե ուշ, ստիպված է լինելու համակերպվել իր քթի տակ, իր շահերի գոտում Մոսկվայի հանգրվանելու փաստի հետ և փորձելու է իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով` ՌԴ-ի հետ շահերի գոտիների նոր վերաձևումների շուրջ պայմանավորվածությունների հասնելով: Մանավանդ, որ, ի դեմս Ռուսաստանի, Թուրքիան մի կողմից կարող է կորցնել երկիր, որի հետ հարաբերությունների խորացումը պարբերաբար օգտագործում է Արևմուտքում իր կշիռը բարձրացնելու, այնտեղից քաղաքական ու տնտեսական դիվիդենդներ պոկելու համար, իսկ մյուս կողմից` ձեռք բերել երկիր, որը սիրիական խաղում կարող է վերջնական բանկրոտի հանգեցնել Թուրքիային և ամենատարբեր միջոցներով խթանել քրդական տարրի դիմադրությունը հենց Թուրքիայի ներսում ու նրա շուրջը:

Իր հերթին, Ռուսաստանը չի ցանկանում, ի դեմս Թուրքիայի, կորցնել մի երկիր, որը ոչ միայն այս պահին իր արտահանվող գազի սպառող, այլև ԵՄ-ի դեմարշի պարագայում պոտենցիալ տրանզիտ երկիր է: Այսինքն` չի բացառվում, որ այս լարումը տակտիկական է, ժամանակավոր բնույթ ունի, ինչին հաջորդելու է ջերմացման փուլը:

Իսկ նման ջերմացումները, ինչպես հայտնի է, Հայաստանի համար շատ թանկ են արժենում: Այս իմաստով, թերևս, լավագույն տարբերակը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այսպես կոչված, կառավարելի լարվածությամբ ուղեկցվող կամ չափավոր սառը հարաբերություններն են` փոխադարձ անվստահության` որքան հնարավոր է երկարատև պահպանմամբ: Դա անորոշ ժամանակով ի չիք կդարձնի ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի ստեղծումը, կդառնա հարավկովասյան տարածաշրջանում հարաբերական կայունության և ստատուս քվոյի պահպանման երաշխիքը, Ռուսաստանի համար կնվազեցնի այս կամ այն կերպ Հայաստանին սիրիական մղձավանջի մեջ ներքաշելու կարիքը և Երևանի կողմից արտաքին նպատակային քաղաքականություն վարելու դեպքում կմեծացնի Հայաստանի` իբրև իրապես գործընկերոջ, ստրատեգիական նշանակությունը ռուսական էլիտայի ընկալումներում:

Գևորգ Դարբինյան