Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ արդեն շուրջ 13 տասնամյակ ձևավորված ավանդույթի, իր հայրենանվեր գործունեությունն է ծավալում ոչ միայն Մայր հայրենիքում, այլև արտերկրում, որտեղ վաղուց արդեն ձևավորվել է հայկական Սփյուռք:
Հայաստանի Հանրապետության և Արցախի գլխին ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար ՀՅԴ-ն ակտիվ աշխատում է այլ պետությունների, միջազգային կառույցների, տարբեր քաղաքական-հասարակական գործիչների հետ` իր ներուժը ծառայեցնելով հայրենիքին:
Yerkir.am-ն ամփոփ ներկայացնում է ՀՅԴ պատասխանատու գործիչների՝ միջազգային ասպարեզում կատարած աշխատանքը նոյեմբեր ամսին.
- ՀՅԴ Բյուրոյի ներկացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամավորների, մի շարք քաղաքական գործիչների հետ` ներկայացնելով տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը:

- Նիդերլանդներում` Ալմելո քաղաքում Տեր-Խաչատուրյանը հանդիպել է հայրենակիցների հետ` ներկայացրել Հայաստանի եւ Արցախի իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ՀՅԴ ծրագրերը:
.jpg)
- Նոյեմբերի 12-ին Շվեդիա կատարած այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը քաղաքական հանդիպումներ ունեցավ` հատկապես երկրի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների և պատգամավորների, ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախումբի փոխնախագահ Մորգեն Յոհանսսոնի, Ստոկհոլմի քաղաքապետարանում քաղաքապետի և փոխքաղաքապետի:
.jpeg)
- Եվրոպական շրջագայությունից հետո Տեր-Խաչատուրյանն Արցախում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ՀՅԴ ԿԿ-ի հետ։
- ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 13-ին Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի հետ` պատասխանել Կիպրոսում բնակվող հայրենակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին գնահատականները։

- Սաղաթելյանն այնուհետև Կիպրոսում նախատեսված քաղաքական հանդիպումների շրջանակում նոյեմբերի 14-ին հանդիպեց Արցախի բարեկամ, Նիկոսիայի ամենամեծ քաղաքի՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալմպուսի հետ:

- Նույն օրը Գերագույն մարմնի ներկայացուցիչը հանդիպում ունեցավ Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դրսևորումները ու դրանցից բխող վտանգները թե՛ հայկական և թե՛ բարեկամ երկրների համար:

- Դաշնակցական գործչի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

- Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ հանդիպման ընթացքում ԳՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետության անվերապահ աջակցությունը կիպրահայ համայնքին: Կարևորվել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, մտքեր են տարածաշրջանային զարգացումներին վերաբերյալ։
- Կիպրոս կատարած այցի ընթացքում Սաղաթելյանը այցելել է նաև Ազգային առաջնորդարան, հանդիպել Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Տեր Խորեն Արք. Տողրամաճյանի հետ:

- ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Սիրիա կատարած այցի ընթացքում Կամիշլիի Ազգային Փոխանորդարանում հանդիպել է Ջեզիրեի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լևոն Վրդ. Եղիայանի հետ: Մանոյանն այցելել է սիրիահայ համայնքին պատկանող կրթօջախներ, մասնակցել ՀՅԴ հիմնադրման 132-րդ ամյակի միջոցառմանը, հանդիպել Սիրիայում գործող հայկական կազմակերպությունների հետ:
.jpg)
- ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում բարձրացրել է Հայաստանի և Արցախի համար ստեղծված ծանրագույն և անվտանգության հարցերին առնչվող թեման. «Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների և հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը»:

- Նոյեմբերի 25-27-ը ՀՅԴ պատվիրակությունը Մադրիդում մասնակցեց Սոցիալական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին: ՀՅԴ պատվիրակությանն անդամակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

- ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը աշխատանքների ընթացքում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը: Դավիթ Իշխանյանը նաև պատմական ելույթ է ունեցել Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսի ժամանակ, որին ներկա էին Իսպանիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի վարչապետները, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, այլ պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան գործիչներ։

- Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսի կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։

- Շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակների մասնակցությամբ կայացած կոնգրեսի ժամանակ ընդունվեց ՀՅԴ-ի ներկայացրած Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը: Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն նշված համաշխարհային կազմակերպությանն անդամակցում է 1907 թ. ի վեր:
- ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի վերջին շաբաթը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ-ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այցի ընթացքում Սաղաթելյանը մասնակցել է ՀՅԴ հիմնադրման 132-ամյակի միջոցառմանը` հանդես գալով ելույթով:
