Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkiram-ը սկսում է նոր շարք` «Հայաստանի մարզական ֆեդերացիաներ» խորագրով: Կներկայացնենք Հայաստանում գործող մարզական տարբեր ֆեդերացիաների պատմությունը, ֆեդերացիաներում առկա խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնենք տվյալ մարզաձևում հայ անվանի մարզիկների նվաճումների և մարզաձևի հեռանկաների մասին:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա.
Ֆեդերացիայի նախագահ` Արթուր Հովհաննիսյան
Ֆեդերացիայի փոխնախագահ` Գագիկ Զոհրաբյան
Պաշտոնական կայք` ASF.am
Հավանումների թիվը Facebook-ում` 645
Պատմությունը
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հիմնադրվել է 1994թ.-ին: Ֆեդերացիայի առաջին նախագահն է եղել Ռազմիկ Թևանյանը: 1998թ.-ին նախագահ է ընտրվել Հրաչյա Պետիկյանը և ղեկավարոել մինչև 2011թ. սեպտեմբերը: Նրա հրաժարականից հետո նախագահ է ընտրվում և մինչ օրս ղեկավարում գործարար Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հ. Պետիկյանը ընտրվում է պատվավոր նախագահ:
Անկախությունից հետո հրաձգություն մարզաձևը Հայաստանում մեծապես տուժում է: 1989թ.-ի դեկտեմբերին հավաքում են բոլոր զենքերը, սակայն մարզիկները շարունակում են մարզվել մի քանի պահպանված օդամղիչ զենքերով: 1990-91թթ. դադարեցվում են մարզումները: 1993թ. մարզումները վերսկսվում են միայն Հրաձգության հանրապետական մարզադպրոցում, իսկ 1994թ. վերաբացվում են նաև դրա մասնաճյուղերը:
Նման դժվար պայմաններում 1983-1990 թթ. աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր Հրաչյա Պետիկյանը 1992 թվականին Հայաստան է բերում գնդակային հրաձգության առաջին և դեռևս միակ օլիմպիական ոսկին:
ԽՍՀՄ փլուզումից հետո մարզական բոլոր բարձունքները նվաճած Հրաչյա Պետիկյանը վերադառնում է Երևան, սակայն այստեղ չկային մարզվելու համար համապատասխան պայմաններ, և «Դինամո» մարզական ընկերությունը հատկացնում է մարզադահլիճ ու հրաձգարան:
2008թ.-ին Համահայկական հիմնադրամի միջոցներով և Հրաչյա Պետիկյանի ջանքերով բացվում է նոր մարզաբազա` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, որը միակն է ԱՊՀ-ում:
Yerkir.am-ի հետ զրույցում հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը պատմեց Հայաստանում գործող հրաձգության մարզադպրոցների մասին: «Անկախությունից առաջ Երևանում եղել է 10 մարզադպրոց, իսկ ներկայումս մնացել են 3-ը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ գործող` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցը, կրթության և գիտության նախարարության Հրաձգության հանրապետական մարզադպրոցը (ՀՀՄԴ): Գյումրիում այժմ գործում է մեկ մարզադպրոց, իսկ Վանաձորում` ՀՀՄԴ-ի մեկ մասնաճյուղ, որտեղ մարզվում է մի խումբ: Գյումրիի մարզադպրոցը սեփական զենք չունի: Զենքերի մի մասը պատկանում է ՀՀՄԴ-ին, մի մասը ձեռք է բերվել անհատների կողմից, մյուս մասն էլ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից է տրվել:
Սովետաշենում կար լավ հրաձգարան, որը հիմա ավերված վիճակում է, քանի որ ներդրումներ չկան: Մեզ պետք է բաց հրաձգարան, որպեսզի մարզիկները կարողանան աշխատել քամու հետ: Երևանի մարզադպրոցում զենքերը ձեռք են բերվել պետական միջոցներով` 2007 թվականին, որոնք արդեն հին են: Զենքը, քանի գնում, դառնում է անորակ: Ֆեդերացիայի նախագահի և ՀԱՕԿ-ի անմիջական օգնությամբ ձեռք ենք բերել հանդերձանք, ատրճանակներ և հրացաններ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Խոսելով մարզաձևի ներկայիս վիճակի մասին Նիկողոսյանն ասաց. «Պետական միջոցներից տարեկան 26 միլիոն դրամ են մեզ հատկացնում միջազգային մրցումներին մասնակցելու համար: Եթե նախկինում մրցումների կարող էինք մասնակցել 4-5 մարզիկով, ապա հիմա կարող ենք մոտ 20 հոգի տանել, ովքեր կկարողանան բարձր արդյունքներ ցույց տալ: Բայց այսպիսի տեմպերով եթե շարունակենք, նվաճումների մասին խոսելն ավելորդ կլինի, քանի որ քիչ գումար է հատկացվում: Զենքերը կամաց-կամաց ձեռք ենք բերել և սկսել ենք զարգանալ: Ֆեդերացիայի նախագահը նաև տարեկան 2 միջոցառում է անցկացնում իր սեփական միջոցներով:
Սովետական միության ժամանակ բոլորին պարտադրում էին զբաղվել հրաձգությամբ: Մինչև 90-ակաները 600-700 հրաձիգ կար Հայաստանում , իսկ հիմա հարձգությամբ զբաղվում է մոտ 300 հոգի: Հավաքականի թեկնածուները հիմնականում Երևանի մարզադպրոցից են: Մարզաձևը մասսայականություն չունի: Իսկ եթե չկա մասսայականություն, ապա բարձր արդյունքների հասնելը ավելի դժվար է: Խնդիրները շատ են, բայց նկատելի է նաև աճը: Շատ երկրներ մեզ թերահավատորեն էին վերաբերվում, բայց հիմա հավասար մրցակիցներ եք դարձել»:
Անկախությունից հետո միջազգային մրցաշարերի մեդալակիրներ և չեմպիոններ
Նորայր Բախտամյան (ատրճանակ) - Եվրոպայի առաջնությունների և Աշխարհի գավաթի մրցանակակիր, Ուկրաինայի բաց առաջնության բազմակի չեմպիոն և մրցանակակիր
Եփրեմ Ավագյան(ատրճանակ) -Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն
Երջանիկ Ավետիսյան(ստենդային հրաձգություն)-Աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր
Ռոմիկ Վարդումյան (ատրճանակ) -ԱՊՀ երկրների զինված ուժերի առաջնության չեմպիոն:
Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Արթուր Պետրոսյան (վազող թիրախ) -Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային բրոնզե մեդակալիրներ
Հրաչիկ Բաբայան( հրացան) -Ուկրաինայի երիտասարդների բաց առաջնության չեմպիոն, «Պոդիլլյայի գավաթ» Գրան պրիի ոսկե մեդալակիր, Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Բաքվի Եվրոպական խաղերի ռեկորդակիր
Սուրեն Բերյան (հրացան)- Ուկրաինայի երիտասարդների բաց առաջնության արծաթե մեդալակիր , «Պոդիլլյայի գավաթ» Գրան պրիիարծաթե մեդալակիր
Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ) –Աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն, Ուկրաինայի երիտասարդների բաց առաջնության ոսկե մեդալակիր, «Պոդիլլյայի գավաթ» Գրան պրիի ոսկե մեդալակիր
Զավեն Իգիթյան (ատրճանակ) - Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ)-Աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր
Եփրեմ Ավագյան, Նորայր Բախտամյան, Երջանիկ Ավետիսյան, Իրինա Աղաջանյան, Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Լիլիթ Մկրոտչյան-Միջազգային կարգի սպորտի վարպետներ
ԽՍՀՄ առաջնությունների, Աշխարհի գավաթի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների թիմային և անհատական չեմպիոններ և մրցանակակիրներ
Գագիկ Զոհրաբյան, Կարապետ Գինոսյան, Եվգենի Շախաթունի, Ռաֆիկ Մկրտչյան, Սեյրան Նիկողոսյան, Աշոտ Մկրտչյան, Հրաչյա Պետիկյան, Սաթենիկ Անժելովա, Միսակ Պետրոսյան, Դանիել Մկրտչյան, Ատրճանակ‘ Սամվել Մնացականյան, Զինաիդա Սիմոնյան, Թորոս Գևորգյան, Յուրի Կոտլյարևսկի, Կառլեն Բոստանջյան, Պողոս Կարակաշյան, Սերգեյ Ալեֆերենկո (Օկրոկով), Սիմեոն Կալչուրին, Արմեն Ավագյան, Համլետ Իգիթյան, Լամարա Գասպարյան, Մնացական Հովսեփյան, Սերգեյ Ստոլյարչուկ, Սերգեյ Թորոսյան, Յուրի Սահակյան, Պետրոս Առաքելյան, Վազող թիրախ‘ Անդրեյ Մելքոնյան, Միրվարդ Վերդյան, Ստյոպա Ջանոյան, Գագիկ Մելոյան, Գևորգ Մուրադյան
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ