Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 23:38
Սպորտ

Հայաստանի մարզական ֆեդերացիաները. ԲԱԴՄԻՆԹՈՆ

Հայաստանի մարզական ֆեդերացիաները. ԲԱԴՄԻՆԹՈՆ

«Հայաստանի մարզական ֆեդերացիաները» խորագրի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիային:

Ֆեդերացիայի նախագահ` Աշոտ Աղաբաբյան

Ֆեդերացիայի փոխնախագահ` Սևակ Մանուկյան

Պաշտոնական կայք` Badminton.am

Հավանումների թիվը Facebook-ում` 516

 

Պատմությունը

 Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան հիմնադրվել է 1992թ.-ին:   Ֆեդերացիայի առաջին նախագահն է եղել Բալյան Հարությունը, ով ղեկավարել է մինչև 1999 թվականը: 1999-ից մինչև 2001 թվականը կառույցը գլխավորել  է  Սամվել Հարությունյանը, որից հետո մինչև 2014 թվականը  նախագահել է Հրաչյա Պողոսյանը: Նախորդ տարի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել  ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

 Բադմինթոն մարզաձևը Հայաստանում այնքան էլ հարուստ պատմություն չունի: ԽՍՀՄ ժամանակներում պրոֆեսիոնալ բադմինթոնով Հայաստանում զբաղվել է մոտ 100 հոգի:   Եվրոպայի թիմային առաջնության մրցանակակիր եղել է Վարդիթեր Պողոսյանը, իսկ Մարիետա Եղիազարյանը` ԽՍՀՄ պատանեկան առաջնության չեմպիոն: 

 

 Մարզաձևի ներկայիս վիճակին ավելի լավ ծանոթանալու համար Yerkir.am-ը զրուցեց բադմինթոնի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի հետ:

 «Հիմա Հայաստանում բադմինթոնի մասնագիտացված մարզադպրոցներ չկան: Մարզաձևով զբաղվում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Իջեւանում: Ամբողջ Հայաստանում բադմինթոնով հիմա զբաղվում է  մոտ 150 հոգի: Մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը շատացել է: Ամեն տարի անց է կացվում Հայաստանի առաջնություն:

 Երևանյան խմբերն ընդգրկված են «թենիսի և սեղանի թենիսի» մարզադպրոցի կազմում, սակայն մարզումներն անցկացվում են 2 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի մարզադահլիճներում և  Հրազդան մարզաթատերական համալիրում,  որը կառուցվել  է 1970 թվականին: Բադմինթոնի մարզումներն այստեղ անցկացվում  են 1973 թվականից, Գյումրիում էլ մարզումներն անցկացվում են հանրակրթական դպրոցներում:   Նույն վիճակն է նաև Վանաձորում  և Իջեւանում: Մենք սեմինարներ ենք անցկացրել դպրոցներին ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, և նրանք ստացել են սերտիֆիկատներ ու հիմա  մարզումներ են  անցկացնում մյուս խմբերի հետ:

Պետական միջոցներից տարեկան 4 միլիոն դրամ գումար է մեզ հատկացվում մրցումներին մասնակցելու համար: Մեզ մեծ  օգնություն է ցուցաբերում նաև  Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ հայազգի Փյուզանդ Կասաաբյանը»,- ասաց Պողոսյանը:

 

\"\"

 Խոսելով մարզաձի հեռանկարների և հայ մարզիկների` միջազգային մրցումներում գրանցած հաջողությունների մասին, մարզիչն ասաց.

«Ամեն տարի  մասնակցում ենք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, սակայն բարձր արդյունքներ չի հաջողվում գրանցվել: Միջազգային մրցաշարերում հայ բադմինթոնիստներն  անհամեմատ ավելի հաջող են հանդես գալիս: Հիմա աշխարհի բադմինթոնիստների դասակարգման աղյուսակում հայ բադմինթոնիստներից ամենաբարձր վարկանիշն ունի Լիլիթ Պողոսյանը, ով 1000 բադմինթոնիստների թվում 434-րդ տեղում է: Եվրոպայի առաջնություններում ամենաբարձր տեղը գրավել է Հայկ Միսակյանը: 2002թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած   առաջնությունում նա  գրավել է  17-րդ տեղը»: 

\"\"

 Այն հարցին, թե ինչն է խանգարում, որ հայ բադմինթոնիստները չեն կարողանում հաջող հանդես գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում` Պողոսյանն ասաց. «Առաջինը անհրաժեշտ են լավ պայմաններ:  Հիմա մենք մարզվում ենք  փետրագնդակներով, որոնք պլաստիկե  են, իսկ մրցումներին խաղում են իսկական փետուրներով: Մենք մրցումներ գնալուց մեկ շաբաթ առաջ ենք պարապում իսկական փետրագնդակով, քանի որ դրանք թանկ արժեն և չենք կարող այդքան ձեռք բերել, որպեսզի օգտագործենք ամենօրյա մարզումների համար: Այս պայմաններում մարզվելով` կարողանում ենք մասնակցել միջազգային մրցումների և մեդալներ նվաճել: Եթե պայմաններն ավելի լավ լինեն, ապա ավելի մեծ արդյունքներ կունենանք»:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ